Ռուսները եւ ադրբեջանցիները միասին՝ շրջանառության մեջ են դրել էթնիկ փոքրամասնությունների մասին ծայրաստիճան վտանգավոր թեզը, իսկ պաշտոնական Երեւանի արձագանքը ուշացած է եւ ոչ բավարար. այս կարծիքին են «Հանուն հանրապետության» կուսակցության անդամներն ովքեր այսօր, ՀՀ ԱԳՆ-ի մոտ ասուլիս էին հրավիրել՝ պահանջելով, որպեսզի Հայաստանը դադարեցնի ռուսական ձեւաչափում բանակցությունները, Բաքվի հետ իր կոմունիկացիան եւ երկխոսությունը թարմացնի:
Հիշեցնենք, օրերս Մոսկվայում կայացավ ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Եռակողմ հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարարը խոսեց փախստականների վերադարձի մասին, եւ պնդեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ են երաշխիքներ տալ: Օրեր անց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանահայ փախստականների հարցը մշտապես բարձրաձայնում են. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։
… Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին: Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները»։
«Մենք պիտի այնքան համարժեք պատասխանեինք այդ հայտարարությանը, որ հետայսու եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը իմանան, որ բանակցային գործընթացի բովանդակության այդպիսի նենգափոխումը կարող է արժենալ Հայաստանի դեմարշին, ռուսական հարթակի ուղղակի մերժմանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ իր համոզմամբ, տվյալ պարագայում ՌԴ-ն հանդես է գալիս ոչ թե անաչառ միջնորդ, այլ Ադրբեջանի նարատիվների շրջանառող եւ պաշտպան, ինչը բխում է ՌԴ-ի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրային պարտավորություններից ու ստանձնած հանձնառություններից:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՌԴ-ն իրատեսակա՞ն է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունն իր հարթակում, Արման Բաբաջանյանը պատասխանեց հարցով՝ ՌԴ-ն հիմա ի՞նչ է անում Լաչինի միջանցքում, ինչի՞ համար է այս շանտաժը:
«120 հազար մեր հայրենակիցները պատանդ են ռուսների եւ ադրբեջանցիների ձեռքում, որպեսզի Հայաստանը ստիպված Լավրովի հնչեցրած բովանդակության սահմաններում գնա եւ հանձնի իր պետականությունը. ադրբեջանցիներին մատաղ անի ռուսների ձեռքով: Եթե վիճակը օրհասական դառնա եւ ճնշումները օրըստօրե ավելանան՝ թե Արցախից, թե ՀՀ ներսից եւ արտաքին համապատասխան շրջանակներից, ձեզ ի՞նչ է թվում՝ ՀՀ իշխանությունները ի վիճակի՞ են լինելու դիմադրել»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական հարթակում բանակցություններին հայկական կողմի դեմարշը չի հանգեցնի արեւմտյան հարթակներում բանակցությունների ադրբեջանական կողմի դեմարշին եւ ի՞նչ հնարավոր ռիսկեր կլինեն, Արման Բաբաջանյանը պատասխանեց, որ հիմա մենք շատ ավելի լավ իրավիճակում չենք. «Ըստ էության, հիմա բանակցությունները խցանված են եւ Հայաստանը՝ հումանիտար բեռները հասցնելով Կոռնիձորի սահման, Ադրբեջանի համար ստեղծել է պատային, փակուղային իրավիճակ: Եվ եվրոպական երկրների դեսպաններից, եվրոպական երկրների մայրաքաղաքներից մենք տեսնում ենք շատ համարժեք արձագանքներ, որոնք չեն կարող անհետեւանք մնալ: Ուստի, այս տեմպը պիտի շարունակեն եւ հասնենք հստակ արդյունքների: Ես վստահ եմ, որ եթե հետեւողական լինենք, հաջողությունը մեր կողմն է լինելու: Հայաստանն էլ տարբերակ չունի առանց ռիսկի այս իրավիճակից դուրս գալու, պետք է փնտրենք նվազ ռիսկային տարբերակը»:
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանն էլ հավելեց, որ բոլոր ռիսկային տարբերակներից, մենք պետք է ընտրենք այն տարբերակները, որոնք նաեւ հնարավորություն են պարունակում: Իր գնահատմամբ՝ այժմ մենք կանգնած ենք ընտրության առջեւ՝ վատի եւ սարսափելիի միջեւ եւ միայն խոսքով չէ, որ պետք է ընտրություն կատարենք, այլ նաեւ գործողություններով, քանի որ խաղաղության հասնելու համար դաժան պայքար է պետք տանել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ