Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ահաբեկչության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. Արցախի դատախազություն

Հուլիս 28,2023 19:01

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ  կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Այնուհետև, անտեսելով և չկատարելով ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, որը վերահաստատվել է նույն Դատարանի 06.07.2023թ. որոշմամբ, 2023թ հունիսի 15-ից ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով կենսական ապրանքների, դեղորայքի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝  2023թ. հուլիսի 27-ին ՀՀ-ից ուղարկված շուրջ 400 տոննա մարդասիրական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն՝ այդ կերպ Արցախի Հանրապետության տարածքում  կազմակերպել և իրականացրել է այլ գործողություններ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության հայ  բնակչությանը ոչնչացնելուն, որն էլ առաջացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքում մանկահասակ երեխաների մահ, ինչպես նաև մանկածնության խոչընդոտներ և այլ ծանր հետևանքներ:

Նկարագրված դեպքի առթիվ 28.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝  ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով /Միջազգային ահաբեկչությունը/  նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է  ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:

Արցախի Հանրապետության դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31