Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 20 ներկայացուցիչներին հուլիսի 28-ին Կոռնիձորում ներկայացրեց այս պահին ստեղծված իրավիճակը՝ Արցախում ամեն օր սրվող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի անհամաչափ արձագանքը։
Հիշեցնենք, որ արդեն 3 օր է, ինչ Կոռնիձորում կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները։
Ռոբերտ Ղուկասյանը դիվանագետներին ցույց տվեց Ադրբեջանի կողմից ապօրինի դրված անցակետը Հակարիի կամուրջի վրա եւ, որ արգելափակվել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ նույնիսկ հումանիտար մատակարարումները հասնեն արցախցիներին։ Մարզպետը նշեց, որ եթե որոշ ժամանակ առաջ հնարավոր էր շատ քիչ ծավալով դեղորայք ու սննդամթերք ուղարկել Արցախ, բայց վերջին ժամանակներս ընդհանրապես անհնար է որեւէ բան ուղարկել:
«Մեքենաներն այստեղ կանգնած են, եւ անհնար է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ»,-ցույց տալով բեռնատարները՝ ասաց Ղուկասյանը: Նրա խոսքով՝ Արցախում քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները, իսկ Ադրբեջանն այդ ամենին արձագանքում է ինտեգրացիայի մասին խոսելով։
Կարդացեք նաև
«Սակայն այդ ինտեգրացիային արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա անընդունելի է բոլորիս համար: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, որոնք սոված են: Այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում»,-ասաց մարզպետը՝ դիմելով դիվանագետներին:
Վերջիններս մի քանի րոպե մնացին տարածքում՝ դիտարկելով ու լուսանկարելով այն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ