Հայաստանի բանկերի միությունը մշտապես դիտարկում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:
Հայաստանի 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի 1-ին կիսամյակի կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում (Աղյուսակ 1): Հաշվետու կիսամյակում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 10.6%:
Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված կիսամյակային վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով կազմել են 874.5 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21.1%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված թվով 17 առևտրային բանկերը գեներացրել են 93.1 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը կազմել է ընդհանուր ծավալի 10.6%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ցուցանիշն ավելացել է 60.2 մլրդ ՀՀ դրամով, այսինքն հավելաճը կազմել է շուրջ 182.9%:
Կարդացեք նաև
2023թ․ առաջին կիսամյակում առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 478 մլն դրամ, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 795 մլն դրամ (Գծապատկեր 1): Հարկ է նկատել, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում այս ցուցանիշը բանկերի մասով կազմել է՝ 2 055 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած հարկ վճարողների միջինը (701մլն դրամ) շուրջ 3 անգամ:
1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 332.7 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 86.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 202.7%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 58.2 մլրդ դրամի կամ 65% աճ:
Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 109 մլն դրամ՝ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 250 մլն դրամ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում կազմել է 1 792 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը ( 224 մլն դրամ):
Աղյուսակ 1. ՀՀ բանկերի կողմից 2023թ-ի առաջին կիսամյակում վճարած հարկերի ծավալները
Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից 2023թ-ի առաջին կիսամյակում վճարված հարկերի միջինացված ցուցանիշը
Հայաստանի բանկերի միություն