Օգոստոսի 5-ին Գյումրիում կայանալիք Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։
Կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունն ու բացման արարողությունն առանց թերացումների անցկացումը` մարզպետը նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում, դա շատ պարտավորեցնող է, վստահեցնում եմ, որ այդ իրադարձությանը մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի Շիրակը և Գյումրին հավուր պատշաճի ներկայանան, թե սպորտային առումով, թե միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակով։ Վստահ եմ` ամառային խաղերի բացման արարողությունը կդառնա իրական տոն բոլորի համար»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ