Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և սփյուռքահայության ջանքերի շնորհիվ Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը, որի պրեմիերան նախատեսվում էր Թուրքիայի Հանրապետության 100-ամյա տարելիցի օրը՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին։ Այդ մասին հայտնում է Akunq․net-ը՝ հիմնվելով թուրքական մամուլում հրապարակված լուրերի վրա։
Աղբյուրի համաձայն՝ այդ մասին մասնավորապես հաղորդել է թուրքական ազգայնամոլական պարբերականներից մեկի՝ «Յենի Չաղ»-ի հոդվածագիրներից Ֆաթիհ Էրգինը։ Վերջինս Twitter-ի իր էջում գրել է, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի ջանքերի հետևանքով հիշյալ սերիալի ցուցադրությունը կարող է արգելվել անգամ Թուրքիայում։
Նա նաև նշել է, որ սփյուռքահայերը ֆիլմի ցուցադրությունն արգելելու հիմնավոր պատճառ են համարում այն, որ Աթաթուրքը ռազմական հանցագործ է։ Այդ տեսակետի հետ իր անհամաձայնությունն արտահայտելով՝ Ֆաթիհ Էրգինն իր վրդովմունքն է հայտնել Disney-ի կայացրած որոշման նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը սերիալի ցուցադրությունը չեղարկելու վերաբերյալ իր կոչում Disney-ին հիշեցնում էր Աթաթուրքի մարդասպան ու բռնապետ լինելու մասին․ «Մենք կոչ ենք անում @DisneyPlus-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին ու մարդասպանին, ով իր ձեռքերի վրա կրում է միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, արամեացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյա նահատակների արյունը», – թվիթերում գրել էր ANCA-ն։
Կարդացեք նաև
Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ / Akunq.net