Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, ամենաշատը մեկ շաբաթ անց հայկական Արցախ չի լինի»․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը շարունակվում է

Հուլիս 28,2023 15:55

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլին այսօր միացել է արցախցի, մասնագիտությամբ մանկավարժ Մարինա Ազարյանը։ Նա նշեց, որ կոչ է անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ին, որ աջակցեն Բերձորի միջանցքի բացմանը։ «Արցախցիները երբեք չեն ասի՝ ես սոված եմ, հպարտությունը թույլ չի տալիս, բայց ես գիտեմ, որ սոված են, ընտանիքիս անդամները Արցախում են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա։

 

Մարինա Ազարյանը նախորդ տարվա դեկտեմբերին 5-ին է եկել Հայաստան՝ Արցախ վերադառնալու նպատակով, բայց արդեն դեկտեմբերի 12-ին ճանապարհը փակվել է։ «Մտքումս մտածում էի՝ երեւի ապրիլի մեկին կբացվի ճանապարհը, հետո մայիսի 1-ին կբացվի, Արցախից էլ էին ասում, որ կբացվի, բայց հունիսի մեկն էլ անցավ, հուլիսի մեկն էլ անցավ, ճանապարհը չբացվեց»,- նշեց նա։ Նրա՝ խոսքով՝ արցախցների համար այսօր ավելի կարեւոր է իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչումը, քան հումանիտար բեռը։ «Ես կրկնում եմ՝ իրենք քաղաքական հարց են դնում, անգամ չեն էլ շահարկում, որ սոված են, սնունդ չկա։ Մեզ պետք է միջանցքը բացվի եւ ինքնորոշման իրավունքը ճանաչվի։ Ես կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիները պետք է միասնություն դրսեւորեն, բայց միասնություն չկա։ Մարդիկ չեն մասնակցում ցույցներին, քչերն են արձագանքում»,- ասաց նա։

Մարինա Ազարյանը նաեւ հավելեց, որ արցախցիները չեն պատկերացնում, թե ինչպես կարող են ապրել Ադրբեջանի կազմում։ «Ոչ մի դեպքում նրանք այդ սցենարների մասին չեն մտածում։ Եթե այս պատերազմը չլիներ, գուցե այդ հարցը քննարկվեր, բայց այս պատերազմից հետո դա անհնար է, բացառվում է։ Եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, ամենաշատը մեկ շաբաթ անց հայկական Արցախ այլեւս չի լինի»,- ասաց Մարինա Ազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31