«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որ իր որդիները ոչ թե Հայաստանում, այլ Ավստրալիայում են բնակվում և ուսում ստանում։
«Դրանք շահարկումներ են, որովհետեւ նախընտրական պայքար է։ Եվ ես ցավում եմ, որ փորձ է կատարվում ընտանիքի անդամների միջոցով աղտոտել ընտրությունների բարեհաջող ընթացքը, որը մենք ակնկալում ենք։ Այո, ճիշտ եք ասում, իմ որդիները կրթության համար են այնտեղ, հուսով եմ՝ կավարտեն իրենց կրթությունը եւ կվերադառնան։ Այո, ցավոք սրտի, Հայաստանում չկա որակյալ կրթություն, եւ ես նորություն չեմ ասում»,- նշեց նա։
Մանե Թանդիլյանն ասաց, որ մարդիկ արտերկրում կրթություն ստանալով՝ պետք է վերադառնան եւ իրենց պարտքը վերադարձնեն իրենց երկրին։ «Կրթությունն ավարտելուց հետո իմ որդիները կվերադառնան։ Ինչ վերաբերում է շահարկումներին կամ առանձին թեմաներին, հարցն այստեղ ընտանիքի անդամների կամ անձնական կյանքի իրավունքի մասին է։ Այո, աշխատանքս քննադատեք ինչքան կուզեք, քավ լիցի, բայց ես կարծում եմ, որ ընտանիքի անդամների եւ անձնական կյանքի իրավունքի ոտնահարումը հարիր չէ, տեղին չէ։ Մենք դա չենք անում եւ չենք ակնկալում, բայց հասկանում ենք, թե դա ինչի համար է տեղի ունենում։ Նպատակը խեղաթյուրված է բնականաբար։ Ես կրկնում եմ՝ նրանք գտնվում են դրսում, կրթությունը կավարտեն, կվերադառնան եւ իրենց պարտքը կվերադարձնեն հայրենիքին»,- հավելեց Թանդիլյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ