Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ, թե Արցախին հատկացվող գումարներից ինչքանն է վերադարձվում Հայաստան, թող այդ մասին էլ բարձրաձայնեն իշխանությունները»․ Մանե Թանդիլյան

Հուլիս 28,2023 14:38

«Վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը գումար է տալիս Արցախին, տպավորություն է ստեղծում, թե իրենց գրպանից են դա տալիս։ Արձանագրում ենք, որ դա հայ ժողովրդի վճարած հարկերից գումարներն են, որոնք հատկացվել են միշտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պոպոյանի հայտարարությանը։ 

Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2024 թ. պետական բյուջեի ծրագրերի քննարկման ժամանակ առանձնահատուկ կարևորել է ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրվող գումարների նպատակային և արդյունավետ օգտագործման հարցը։ «Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները (հարկատուները) պետք է վստահ լինեն, որ տրամադրվող գումարները ամբողջապես ծառայում են նպատակին, այն է Լեռնային Ղարաբաղի և ողջ նրա բնակիչների կարիքների լուծման համար։ ՀՀ Ազգային ժողովը ևս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի այդ ծախսերի արդյունավետությանը և նպատակայնությանը: Առաջիկայում թերևս անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրա հետ կապված»,- նշել է Պապոյանը։

Մանե Թանդիլյանը հարցադրում արեց, նախկինում եւ 2018 թվականից նույնպես Արցախին այդ հատկացումները եղել են, ինչո՞ւ են իշխանությունները հիմա որոշել ուսումնասիրել ծախսերի արդյունավետությունը։ «Որովհետեւ նորից ոչ համախոհության հնչյուններ են լսել Արցախից։ Սա այս իշխանությունների դասական վարքագիծն է։ 2018 թվականից ազատ էին ամեն տարի ստուգել, թե ինչպես են Արցախում ծախսվում այդ գումարները։ Ի՞նչն էր նրանց խանգարում, որ այսօր հիշեցին։ Ինչ վերաբերում է գումարներին, իհարկե, միշտ պետք է ստուգվի, միշտ պետք է նայվի թափանցիկությունը, ողջամտությունը, նպատակահարմարությունը։ Դրանով աշխարհացունց բացահայտումներ չեն անում։ Հաշվի առնելով, որ ես նաեւ տեղյակ եմ, թե բյուջետային հատկացումներն ինչպես են կատարվում եւ ինչ ուղղություններով են ծախսվում, նաեւ գիտեմ, թե այդ գումարներից ինչքան է վերադարձվում հետ Հայաստան, թող նաեւ այդ մասին բարձրաձայնեն։ Կտեսնենք, որ այդ գումարները՝ ահռելի ու աշխարհացունց, որ հայտարարում են, այդքան չեն, եւ գումարների որոշ մասը վերադարձվում է Հայաստան։ Հետեւաբար, փորձ անելով պատժել նման ուսումնասիրություններով, անթույլատրելի է։ Դա ուսումնասիրություն է, որը պետք է տեղի ունենար վաղուց, նորմալ է, թափանցիկ, հաշվետվողական պետություն պիտի ունենանք։ Եկեք նաեւ ուսումնասիրենք, թե ինչքանո՞վ են արդյունավետ Հայաստանում կատարվող ծախսերը՝ պարգեւավճարներից սկսած մինչեւ անհամաչափ ծախսեր»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Արցախին հատկացվող գումարների մի մասը վերադարձվում, Թանդիլյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզենա փակագծեր բացել, թող ուսումնասիրեն ու իրենք հրապարակեն, թե ուր են ուղղվում այդ միջոցները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31