Այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 19 ներկայացուցիչներ այցելեցին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ արդեն երեք օր է կանգնած են դեպի Արցախ հումանիտար օգնություն տանող բեռնատարները։ Գորիսում դիվանագետներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին դիմավորեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հակարիի կամրջից քիչ վերեւ, որտեղ կայանված են բեռնատարները, մարզպետը հյուրերին ներկայացրեց ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ նա նշեց, որ հումանիտար օգնությունը շրջափակված արցախցիների համար է եւ արդեն որոշ ժամանակ է՝ Հակարիի կամրջով ոչ մի շարժ չկա։ Հյուրերը վերեւից դիտարկեցին Հակարիի կամուրջը, զրուցեցին բեռնատարների վարորդների հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այս առաքելությունը եւս նպատակ ուներ ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի ապաշրջափակեն ճանապարհը։
Կոստանյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ անում են, որ բեռնատարները ժամ առաջ հասնեն Արցախ, բայց այս պահին դեռեւս հստակություն չկա, թե երբ կթույլատրվի բեռների տեղափոխումը։ Փոխնախարարը ավելացրեց նաեւ, որ բեռնատարները այստեղ կայանված մնալու են մինչեւ ՌԴ խաղաղապահ զորքերի արձագանքը։
Քիչ հետո Գորիսում նախատեսվում է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը։ Նրանք հանդիպելու են նաեւ Գորիսում ապաստանած արցախցիներին, որոնք ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում հասնել Արցախ։
Կարդացեք նաև
Aravot.am-ն առանձնացրել է այն երկրները, որոնց ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր.
1.Սերբիա
2.Շվեյցարիա
3.Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
4.Բելառուս
5.Իրան
6.Բուլղարիա
7.Ռուսաստանի Դաշնություն
8.Ամերիկայի Միացյալ Նահանգներ
9.Լիտվա
10.Լեհաստան
11.Իրաք
12.Ուկրաինա
13.Ֆրանսիա
14.Հնդկաստան
15.Ռումինիա
16.Իտալիայի
17.Իսպանիա
Արմեն ԴԱՎԹՅԱՆ