Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հույս չունեմ, որ Ադրբեջանը գալու է կառուցողական դաշտ եւ կուզենամ, որ որեւէ մեկն այդ բեռները Արցախ հասցնի համաչափ գործողությունների միջոցով»․ Մանե Թանդիլյան

Հուլիս 28,2023 14:08

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Հայաստանից Արցախ ուղարկվող հումանիտար բեռը մնացել է ճանապարհին, Ադրբեջանը թույլ չի տալիս, որ բեռները մտնեն Արցախ։

«Ես պարտավոր եմ նախ իմ գոհունակությունը հայտնել Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին եւ դեսպաններին, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն են ցուցաբերում այս գործընթացին։ Սակայն, ցավոք սրտի, արդյունք չկա։ Բնական է, սա մեզ համար նորություն չէ, սպասելի էր։ Եվ մեզ համար տարօրինակ է, որ հիմա է նախաձեռնվում նման բան, այնինչ, գիտենք, որ հունիսի 15-ից առհասարակ ամբողջությամբ է Արցախը շրջափակված։ Եվ նաեւ մեր այսօրվա իշխանությունների հռետորաբանությունն ու վարքագիծն է պատճառը, որ այսօր նույն Ադրբեջանը հայտարարում է, որ դուք սադրում եք եւ փորձ եք կատարում մտնել մեր տարածք։ Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունների հռետորաբանության հետեւանք են նաեւ նման հայտարարությունները»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց համար անակնկալ չէր, որ բեռները կանգնել են Կոռնիձորում, եւ թույլ չեն տալիս, որ մուտք գործեն Արցախ։ «Ես ուզում եմ առիթն օգտագործել եւ ասել, որ եթե որեւէ դեսպան կհամաձայնի ուղղաթիռով այս բեռները տեղափոխել, ես պատրաստ կլինեմ նստել այդ ուղղաթիռ եւ իրենց հետ միասին այդ բեռները տեղափոխել։ Ադրբեջանի հռետորաբանությունը լսում ենք եւ տեսնում ենք, որ դեռ երկար են կանգնելու։ Ես հույս չունեմ, որ Ադրբեջանը գալու է կառուցողական դաշտ եւ կուզենամ, որ որեւէ մեկն ուզենա այդ բեռները հասնեն տեղ այլ համաչափ գործողությունների միջոցով»,- նշեց նա։

Հարցին, թե իր համար անհասկանալի չէ՞, թե ինչո՞ւ ռուս խաղաղապահները եւ Ադրբեջանը չեն արձագանքում այս իրավիճակում, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Անհասկանալի չէ, դա բնական է եւ օրինաչափ, որովհետեւ եթե մեր իշխանությունները հայտարարում են Արցախն Ադրբեջանի կազմում, ապա այդ պետություններն ըստ այդմ էլ գործողություններ են անում։ Նրանք էլ պնդում են, թե դուք մեզ հետ չեք համաձայնեցրել։ Նման հայտարարությունից հետո դու այլեւս կորցնում ես քո հնարավորությունները՝ կատարել գործողություններ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31