«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր միացավ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ որոշեցին միանալ նախաձեռնությանը։ «Սա առանձնահատուկ միանալու որոշման մասին չէ։ Մենք մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալու, բնականաբար այնտեղ ենք։ Եվ մեր թիմակիցների համար նորություն չէ, որ քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն Արցախի հարցում մեզ համար բնական ու բնորոշ է։ Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք։ Այն կա կարմիր գիծ, եւ մենք պատրաստ ենք ու պատրաստակամ միանալ յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն այս կամ այն կերպ պիտի արտահայտի մարդկանց անհամաձայնությունը։ Ընդհանրապես մեր մոտեցումը ո՞րն է․ մենք խորապես համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման կարեւորագույն գործոնն այսօրվա իշխանությունների դադարեցումն է՝ որպես իշխանություն, իշխանությունից զրկելը։ Դրա ուղղությամբ տեղի են ունենում նաեւ ընտրություններ, որին մենք մասնակցում ենք, նաեւ ընտրությունների միջոցով իշխանափոխություն ենք իրականացնում։ Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը պատրաստ է եւ ընտրությունների միջոցով կարող է կատարել իշխանափոխություն։ Որպես քաղաքական ուժ՝ մենք այդտեղ ու այդպես ենք տեսնում մեր գործառույթը, որովհետեւ շատ կարեւոր ենք համարում, որ ժողովրդի քվեով նաեւ անհամաձայնություն տրվի այսօրվա իշխանություններին»,- ասաց նա։
Թանդիլյանն ասաց, որ «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ կանխատեսումներ չի ուզում անել, նախաձեռնությունը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում գործընթացները։ «Մեր գործն այս փուլում քաղաքացիներին աջակցելն է։ Այո, կարող են տարբեր սցենարներ զարգանալ, բայց մենք նաեւ մեր այս քայլով մեր համակիրներին, մեր կուսակից ընկերներին հորդորում ենք, որ նույնպես միանան ու իրենց լուման ներդնեն»,- ասաց նա։
Հարցին, որ եթե Ազգային ժողովը մերժի «Հայաքվեի» նախագծի քննարկումը, կկարողանա՞ն եւս 300 հազար ստորագրություն հավաքել՝ երկրորդ փուլի համար, Մանե Թանիդլյանը պատասխանեց․ «Այդ հարցը պետք է քաղաքացիական նախաձեռնությանն ուղղել։ Ես կարծում եմ, որ մեր երկրում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր համաձայն չեն այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Եթե աշխատանք տարվի իրենց հետ՝ եւ իրազեկվածության, եւ բացատրական առումով, բնական է, այդ հնարավորությունը կա։ Ուղղակի պետք է աշխատել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ