Հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները հարկվելու են նոր կարգով։ Այս տեսակի բիզնեսի դեպքում, ինչպես այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, հարկը հաշվարկվելու է վճարվող աշխատավարձի 20%-ի չափով։
Այսինքն, միկրոձեռնարկատիրության դեպքում ոչ թե հաստատուն 5 հազար դրամի չափով է եկամտային հարկ վճարվելու մեկ աշխատողի համար, այլ գործատուն պետք է վճարի 20% եկամտահարկ։
Օրենքի փոփոխությունն ԱԺ-ն ընդունել է 2022–ի նոյեմբերին։
«Նախկինում միկրոբիզնեսում վարձու աշխատողների համար եկամտային հարկը հաշվարկվում էր ամսական 5 հազար դրամ հաստատուն դրույքաչափով՝ անկախ աշխատավարձի մեծությունից, մինչդեռ այլ կազմակերպությունների, այդ թվում՝ Ա/Ձ-ի վարձու աշխատողների համար հարկումը 20% դրույքաչափով եկամտային հարկ է»,-ասաց փոխնախարարը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այս փոփոխությամբ հավասարության եւ արդարության սկզբունք են ներդրում տնտեսվարողների շրջանում․ «Միատեսակ եկամուտը, տվյալ դեպքում աշխատավարձ տեսակ եկամուտը, բոլոր դեպքերում պետք է հարկվի միատեսակ կանոններով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ աշխատավարձ վճարող գործատուն հարկման որ համակարգում է գործում՝ միկրոձեռնարկատիրություն, թե շրջանառության հարկի համակարգ կամ հարկման ընդհանուր համակարգ: Որովհետեւ խոսքը միեւնույն տեսակի եկամտի մասին է եւ հարկման հավասարության եւ արդարության սկզբունքը ենթադրում է, որ այդ եկամուտը բոլորի մոտ նպատակահարմար է հարկել միատեսակ կանոններով»:
Փոխնախարարը համեմատություն կատարեց՝ ինչո՞ւ պետք է օրինակ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող բուժքույրը վճարի 20% եկամտային հարկ, բայց 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը վճարի 5 հազար դրամ, ինչ է թե նա աշխատում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտի մոտ․ «Որտե՞ղ է այստեղ արդարությունը, երբ 150 հազար ստացողը վճարում է 30 հազար դրամ, իսկ 1 մլն դրամ ստացողը՝ 5 հազար դրամ»։
Պողոսյանն ասաց, որ ի սկզբանե հարկման այս մեխանիզմը՝ 5 հազար դրամ հաստատուն վճարը, արտոնյալ պայման է միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար․ «Որտեղ պարզունակ գործունեության զբաղվող անձինք, որոնց իրացման շրջանառությունն էլ փոքր է, աշխատող էլ գուցե չունենան, կարողանան առանց հարկ վճարելու իրենց պարզունակ գործունեության շրջանակներում որոշակի աշխատանք կատարեն քաղաքացիների համար»։
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ Պողոսյանի ներկայացրած վիճակագրության՝ 2022-ին ՀՀ-ում գործել է 53 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնք տարին սկսել ու ավարտել են որպես այդպիսին, այսինքն` հարկման համակարգը չեն փոխել, եւս 3 հազար հարկ վճարողներ, 2022-ին լինելով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, տարվա ընթացքում փոխել են իրենց հարկման համակարգը․ «Մի մասը գերազանցել է իրացման շրջանառության առավելագույն 24 մլն դրամի շեմը, մի մասը կորցրել է միկրոձեռնարկատիրության իրավունքը, որովհետեւ օրինակ փոխկապակցվածություն է առաջացել այլ հարկ վճարողների հետ եւ տեղափոխվել են կամ շրջանառության հարկի համակարգ կամ ավելացված արժեքի հարկի համակարգ։ 2023-ին պատկերը մոտավորապես նույնն է՝ 53 հազար։ Տարեվերջին պարզ կլինի, թե այս ցուցանիշն ինչպես կփոխվի»։
53 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտների շրջանում, ըստ փոխնախարարի, 35 հազարը վարձու աշխատողներ են․ «Սա հուշում է, որ մի ստվար մասը միկրոձեռնարկատերերի, գործում է առանց վարձու աշխատողի, սրանց մեջ էլ մի ստվար մասը բարձր որակավորում ունեցող անձինք են եւ բարձր վարձատրվող աշխատանք են կատարում, բայց մի մասը դարձել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, այդ կարգավիճակով է ծառայություն մատուցում։ Ընդ որում, այդ վարձու աշխատողների աշխատավարձը նվազագույնի շրջակայքում է եղել։ Ժամանակի ընթացքում երկու ճշգրտում կանենք՝ աշխատավարձի իրական չափերը կճշգրտվեն, եւ կհայտարարագրվի դրանց իրական չափը, եւ երկրորդը՝ այն անձինք, որոնք միկրոձեռնարկատիրությամբ ծառայություն են մատուցում ինչ-որ անձանց, ինչ-որ պահից կդադարեն համարվել միկրոձեռնարկատեր, որպեսզի կարողանան շարունակել բիզնեսի հետ իրենց գործակցությունը եւ կդառնան կամ ավելացված արժեքի հարկ վճարողներ կամ շրջանառության»։
Օրենսդրական փոփոխությունն, ինչպես ասաց փոխնախարարը, ենթադրում է, որ գործատուներն այլեւս չեն կարող իրենց վարձու աշխատողին գրանցել որպես ծառայություն մատուցող, քանի որ չի կարող այդ մասով աշխատավարձը նվազեցնել։ «Ակնկալիքը հենց դա է, որ այդ անձինք աստիճանաբար տեղափոխվեն իրենց համար նախատեսված հարկային միջավայր եւ առնվազն դառնան շրջանառության հարկ վճարողներ»,-ասաց Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ