«Իրավունքը» զրուցել է գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Հրանտ Ալեքսանյան հետ:
– Պարոն Ալեքսանյան, ներկա վիճակում գրական կյանքն ինչպե՞ս է ընթանում Արցախում:
– Գրողների զգալի մասը շարունակում է ստեղծագործել: Նրանք հիմա առավել ակտիվ են հրապարակախոսության մեջ: Բայց գրական ընդհանուր կյանքը նկատելիորեն խամրել է՝ ճգնաժամային իրավիճակի ազդեցությամբ: Այնուհանդերձ, նպատակային քայլեր կատարվում են, նույնիսկ երկրորդ գրական կազմակերպությունն է ստեղծվել Արցախում: Հրատարակչական նոր ծրագրեր են փորձում իրագործել: Տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, տարբեր երեկույթներ: Արցախի գրողները ձգտում են լինել իրենց բարձրության վրա: Նույնը չեմ կարող ասել հայաստանյան մեր բազմաթիվ գրչընկերների վերաբերյալ: Նրանց մի ստվար մասը, ցավոք, անկյուն քաշված՝ լռում է ճակատագրական այս օրերին, հավանաբար սպասելով «ջրերի պարզվելուն», իսկ որոշ գրողներ պարզապես վերածվել են ազգակործան իշխանությունների սպասարկուների: Նման դրսեւորույթը մտավորականի համար բարոյական ինքնասպանություն է:
Գրողը միշտ պետք է կրի ազգի ցավը, փորձի դառնալ բալասան: Երբ գրական գործիչը դադարում է ժողովրդի հավաքականության գաղափարը կրելուց, նրա երազանքի ու մաքառումի խոսնակը լինելուց (պարտադիր չէ, որ այդ ամենը արտահայտվի գրական գործերում, խոսքը քաղաքացիական կեցվածքի մասին է), ապա նա վերածվում է ինտելեկտուալ սուռոգատի: Միեւնույն ժամանակ, Հայաստանում կա գրողների մի ազգանվեր խումբ, ովքեր իրենց թիվ մեկ անելիքն այսօր տեսնում են արցախյան, ընդհանրապես հայոց դատը պաշտպանելու մեջ, ինչը նրանք իրագործում են գրական ստեղծարարությամբ ու հրապարակային ելույթներով, նաեւ՝ տարբեր գործերի ու գործողությունների մասնակցելով: Իմ գոհունակությունն եմ հայտնում նրանց:
Կարդացեք նաև
– Դուք Ձեր հրապարակախոսական հոդվածներով, բանաստեղծություններով եք հանդես գալիս՝ որպես բողոքի մի ձև: Ի՞նչ կասեք այսօրվա նստացույցերի մասին: Արդյո՞ք դա արցախյան հարցի լուծմանը նպաստում է:
– Նստացույցը, անշուշտ, պայքարի ձև է, բայց նստացույց պետք է անեն համապատասխան անձինք, այլ ոչ թե պետության ղեկավարությունը: Կարող են նստացույց անեն կանայք, թոշակառուները, գործազրկության մատնված մարդիկ: Պետության ղեկավարների համար այս պահին հսկայական ծավալի աշխատանք կա անելու: Նրանք պետք է այս ծանր իրավիճակը հաղթահարելու զանազան տարբերակներ մշակեն, առաջնորդեն պետությունը և ոչ թե նստատեղը: Ղեկավարական նստացույցի մյուս բացասական կողմն այն է, որ երբ տարբեր կարգավիճակի նախագահներ են նստում՝ որպես բողոքի ակցիա, դա, ինքնաբերաբար, վերածվում է որոշակի հուսալքության ցուցքի, ինչը չի կարելի թույլ տալ նման բարդ իրավիճակում: Պետության ղեկավարությունը պետք է բացառապես գործով զբաղվի: Քաղաքական, տնտեսական, սոցիալական բազում կնճռոտ հարցեր կան լուծելու: Հարկ է ժողովրդին գործնականին տրամադրել, իսկ նստացույցի համար միշտ էլ մարդիկ կգտնվեն:
Նունե ԶԱՔԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այս համարում