Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հրանտ Նազարյանցը շփման կետ է եղել հայկական եւ իտալական մշակույթների միջեւ». Հայաստանում Իտալիայի փոխդեսպան

Հուլիս 28,2023 11:19

Հայաստանում Իտալիայի դեսպանատանը «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար , պրոֆեսոր Կարլո Կոպպոլան եւ դոկտոր Սիրանուշ Քուարանտան խոսեցին բանաստեղծ Հրանտ Նազարյանցի եւ Բարիի հայ համայնքի մասին, այնուհետեւ ներկայացումներին հաջորդեց կինոնկար՝ Հրանտ Նազարյանցի մասին:

Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Ջովանի Նիկոլա Դիոնսիսին նշեց, որ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի համար հաճելի կլիներ միջոցառմանը ներկա լինել, սակայն նա գտնվում է Իտալիայում եւ Իտալիայում գտնվելու առիթներից մեկն էլ ՀՀ նախագահի այցն է:

Նա անդրադարձավ Իտալիայի դեսպանության եւ Հրանտ Նազարյանց մշակութային կենտրոնի համագործակցությանը, ասաց, որ դահլիճում գտնվելը իմաստավորում են երկու փոխկապակցված թեմաներ՝ հայերի պատմական ներկայությունը Բարիում եւ բանաստեղծ Հրանտ Նազարյանց կյանքը:

«Հրանտ Նազարյանցը շփման կետ է եղել հայկական եւ իտալական մշակույթների միջեւ ոչ միայն այն պատճառով, որ ծագումով հայ է եղել եւ ապրել է Իտալիայում: Նա իր ժամանակաշրջանում եղել է առաջիններից մեկը, ով Իտալիայում խոսել է հայերի մասին, մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդն իսկապես ուներ դրա կարիքը: Սրանք թեմաներ են, որ շարունակում ենք կիսել ու հետեւել մինչ օրս եւ մեր հանձնառություններից մեկն է ոչ միայն ճանաչելի դարձնել Իտալիան Հայաստանում, նաեւ Հայաստանը՝ Իտալիայում»,-ասաց փոխդեսպանը:

 Սիրանուշ Քուարանտան ասաց, որ Իտալիայի դեսպանության հրավերով խոսելու է «Պուլիայում հայկական ներկայության եւ Նոր Արաքս գյուղի» մասին: Նրա խոսքով, հայերը Պուլիայում բնակություն են հաստատել դեռեւս միջնադարում, սկսած՝ 10-րդ դարի սկզբից, երբ Բարին Բյուզանդական կալվածքների մայրաքաղաք էր: Նա ներկայացրեց քարտեզներ, որոնք ի ցույց են դնում Կենտրոնական եւ Հարավային Իտալիայում հայոց պատմության աշխարհագրական ու ճարտարապետական վկայությունները:

Սիրանուշ Քուարանտան ի թիվս այլնի, խոսեց նաեւ Բարիի դիվանագիտական հնագույն օրենսգրքի մասին, ներկայացրեց 990 թվականով թվագրվող փաստաթուղթը, որի ստորին հատվածում հայերեն ընթեռնելի գրություն կար: Նա խոսեց նաեւ 1915թ եղեռնից փրկված հայ փախստականների մասին, որոնք 1924թ ժամանել են Բարի: Իսկ հայ բանաստեղծ եւ մտավորական Հրանտ Նազարյանցը Բարի էր տեղափոխվել 1913թ Կոստանդնուպոլսից՝ ամուսնացած լինելով Մադդալենա դե Կոմիսի հետ: Տարիներ անց Հունաստանից Բարի էր տեղափոխվել նաեւ հայ մտավորական Ենորք Արմենը: Նա Նազարյանցի հետ իտալական մամուլում ներկայացնում էր այն ամենը, ինչ տեղի էր ունում Արեւմտյան Հայաստանում:

Սիրանուշ Քուարանտան, որ Նոր Արաքսի առաջին վերաբնակների ժառանգներից է անդրադարձավ նաեւ Հրանտ Նազարյանցի եւ քաղաքական գործիչ Ումբերտո Ձանոտի Բիանկոյի միջեւ հաստատված հարաբերություններին, ինչի արդյունքում վերջինս սկսել է հետաքրքրվել հայկական հարցով:

 Կարլո Կոպպոլան Հրանտ Նազարյանցի մասին խոսելիս նրա կյանքը բաժանեց տարբեր փուլերի՝ Նազարյանցի կրթությունը եւ Եվրոպայում բնակվելու առաջին ժամանակաշրջանը, վերադարձը Կոստանդնուպոլիս եւ համագործակցությունը հայկական ամսագրերի հետ, կյանքը եւ ստեղծագործությունը Իտալիայում: Պրոֆեսոր Կոպպոլան ներկայացրեց, թե ինչ կարեւոր դերակատարություն է ունեցել բանաստեղծ, հասարակական գործիչ Հրանտ Նազարյանցը Բարիում:

Ի թիվս այլնի, նա անդրադարձավ այն թեմային, թե ինչպես են 1952-ին իտալացի մտավորականները առաջարկել Նազարյանցի թեկնածությունը գրականության Նոբելյան մրցանակի հանձնաժողովին: Հրանտ Նազարյանցն այդ տարի Իտալիայի պաշտոնական թեկնածուն էր: Կարլո Կոպպոլայի խոսքով, 1940-ականներին Նազարյանցի անունը ներառված է եղել OVRA-ի (Հակաֆաշիզմի բռնաճնշումների վերահսկման աշխատանք) գաղտնի զեկույցներում: Նրա փաստմամբ, այդ փաստաթղթերից մի քանիսում Նազարյանցը նշվում է որպես բոլշեւիկ, մյուսներին էլ նրան վկայակոչում են որպես Պատիվ եւ արդարություն մասոնական օթյակի պատվարժան վարպետ: Ցավոք, այս անվանի մարդը, ով ծնվել էր հարուստ եւ իրեն հռչակել Հայաստանի բարոնների Արարատ լեռան իշխան, վախճանվել է աղքատության մեջ ՝1962թ հունվարի 25-ին:

Հրանտ Նազարյանցն այժմ հանգչում է Բարիի գերեզմանատանը, իսկ շիրմաքարին գրված է բանաստեղծ: Գերեզմանի այդ հատվածն էլ պատկանում է արեւելյան գորգագործության բնագավառի ձեռներեց Տիրան Թիմուրյան ընտանիքին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31