Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո լրագրողների նկատմամբ Ֆեյսբուքում հերթական արշավը սկսվեց, տարբեր կեղծ ու իրական օգտատերեր, Փաշինյանի համակիրներ ու թիմակիցներ լրագրողներին սկսեցին անձնական նամակներով կամ հրապարակային սպառնալիքներ ուղղել։
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ ՀՀ ՄԻՊ-ի եւ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելով այս իրավիճակի վրա։ Նաեւ կոչ արեց հասարակությանը՝ «չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը եւ սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին»:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին երեկ հարցրինք, թե ինչ է մտածում այդ հայտարարության վերաբերյալ, տեսնո՞ւմ է խոսքի ազատության նկատմամբ ճնշում։ «Ես մշտապես եմ նշել․ ի սկզբանե՝ իմ պաշտոնավարումը սկսելու պահից, որ Հայաստանի Հանրապետությունում մենք միանշանակ ամբողջ տիրույթում՝ թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ ամբողջ հանրային խոսույթում, շատ մեծ խնդիրներ ունենք, եւ այդ խնդիրն ի հայտ չի եկել պարզապես Ձեր կողմից հիշատակված իրադարձություններից հետո, այդ խնդիրը մշտական է եւ այդ խնդիրը միանշանակ է, որ պետք է պատշաճ հասցեավորվի եւ լուծում ստանա»,- պատասխանեց Մանասյանը։
– Արցախի ու արցախցիների հետ կապված՝ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց։ Օրինակ՝ «եթե Արցախի բարբառով ես խոսում, դա դեռ չի նշանակում, որ հերոս ես»։ Դուք այստեղ հայ ժողովրդի մի մասին թիրախավորելու հատկանիշներ չե՞ք տեսնում։
Կարդացեք նաև
– Ի՞նչ առումով թիրախավորում։ Նախ նշեմ, որ ինքս քաղաքական հայտարարություններ չեմ մեկնաբանում, երեւի թե ճիշտ կլինի՝ խոսքի հասցեատիրոջից խնդրել սրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն, բայց Ձեր խոսքից հասկացա, որ խոսքը բարբառի հիմքով հերոս համարվելու մասին է, չգիտեմ, այս պարագայում երեւի թե հարցադրումը եւ խոսքն ուղիղ պատճառահետեւանքային կապի մեջ չեն գտնվում։ Ամեն դեպքում, խոսքի հասցեատիրոջից ճիշտ կլինի պարզաբանումներ խնդրել։
– Շատ իրավապաշտպաններ ասում են, որ այդ օրն արցախահայության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի մեծ չափաբաժին հնչեց, Դուք նման դրսեւորումներ չե՞ք նկատել։
– Ես հետեւյալը կխնդրեմ․ իրականում քաղաքական հայտարարություններն իրենք իրենց մեջ տարբեր տեսակի տարրեր են պարունակում։ Ես չեմ կարող խոսել, այսպես ասած, հստակ հիմքերի մասին, թե ինչու են, օրինակ, անձինք տեսել ատելության խոսքի չափաբաժին, կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր նման չափաբաժին տեսել են, օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնեն ՄԻՊ գրասենյակ, եւ հիմքերն ուսումնասիրելու միջոցով, օրենքով սահմանված կարգով մենք հնարավորություն կունենանք այդ հարցադրումներին պատասխաններ տալ։
Կորյան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում