Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սովետական 150 բեռնատարները ճեղքեցին ադրբեջանցիների սարքած արգելքը, սլացան դեպի Ստեփանակերտ․օրվա իշխանությունները եւ ընդդիմությունն ի վիճակի՞ են նման կամք դրսեւորել․ «Հրապարակ»

Հուլիս 28,2023 10:41

1988 թվականին, երբ արցախյան շարժումն արդեն մեծ թափ էր հավաքել եւ Խորհրդային Հայաստանում աննախադեպ ակցիաներ էին տեղի ունենում՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, ադրբեջանցիները կրկին փակել էին Լաչինի միջանցքը՝ Արցախը բլոկադայի մեջ էր։ Ի՞նչ արեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իշխանություն չէր եւ առաջին ընդդիմությունն էր սովետական 70-ամյա պատմության ընթացքում եւ որը ղեկավարում էր արցախյան շարժումն ու պայքարում հզոր Կոմկուսի, սովետական պատժիչ մեքենայի դեմ։

Ընդդիմությունը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հավաքեց հումանիտար բեռ, մեքենաներ բարձեց եւ Երեւանից ավտոշարասյունով շարժվեց դեպի Ստեփանակերտ։ Անսպասելիորեն այդ շարասյունը գլխավորող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանին միացավ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը։ Շարասյունը հասավ Արցախի սահմանին, իսկ այն ժամանակ Լաչինի միջանցքն Ադրբեջանին էր պատկանում, եւ Արցախը նախկին ԼՂԻՄ տարածքն էր միայն զբաղեցնում։ Սովետական 150 բեռնատար մեքենաները՝ խոյահարելով ադրբեջանցիների սարքած արգելքը, ճեղքեցին ու սլացան դեպի Ստեփանակերտ։

Մենք երեկ փորձեցինք այս միջադեպի հետ կապված՝ 88-ի շարժման մասնակիցների հիշողությունները հավաքել։ Մեր զրուցակիցներից այս դեպքը հիշեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Ես հիշում եմ նման դեպք, կարծեմ՝ 1988 կամ 1989 թվականն էր, բայց ակնհայտ է, որ, պայմանավորված ղարաբաղյան շարժմամբ եւ երկու պետությունների միջեւ առաջացած լարվածությամբ, բեռնափոխադրումների առումով մենք ունեինք խնդիրներ։ Այն ժամանակ Լաչինի միջանցք, որպես այդպիսին, ինչպես մենք այսօր ենք ընկալում, ըստ էության, չկար։ Կար ճանապարհ, ընդ որում՝ շատ վատ վիճակում գտնվող ճանապարհ, որով կարելի էր Լաչինով հասնել Ստեփանակերտ։ Այո, այն ժամանակ կառավարության ղեկավարը՝ Ֆադեյ Սարգսյանը, սեփական նախաձեռնությամբ ձեւավորեց այդ բեռների անհրաժեշտ ծավալը եւ անձամբ ինքն իր ծառայողական մեքենայով ուղեկցում էր այդ շարասյունը։ Միացել է Վանո Սիրադեղյանը, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ «Ղարաբաղ» կոմիտեն աջակցում էր այդ նախաձեռնությանը, դա փաստ է, սա եղել է»,- ասաց Հարությունյանը։

Նրան հարցրինք՝ եթե այդ դեպքը համեմատենք այսօրվա իրողությունների հետ, օրվա իշխանությունները եւ ընդդիմությունն ի վիճակի՞ են նման կամք դրսեւորել եւ նման քայլ կատարել։ «Եկեք արձանագրենք, որ, որպես այդպիսին, ոչ միայն հումանիտար օգնությունն Արցախին հասցնելու, այլեւ ընդհանրապես Արցախի ճակատագրի հետ կապված հայաստանյան իշխանությունների՝ պատասխանատվություն կրելու կամք ես չեմ տեսնում։ Օրինակներով կարող ենք փաստել, որ ավելի շատ խոսում են այլոց պարտավորությունների մասին՝ արցախահայության անվտանգությունը երաշխավորելու առումով, քան թե սեփական նախաձեռնությունների կամ սեփական պատասխանատվության մասին։ Սա փաստ է»,- պատասխանեց Խոսրով Հարությունյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31