Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան շուտ՝ այնքան լավ․ նոր հետազոտությունը հաստատում է ցրված սկլերոզի վաղ բուժման արդյունավետությունը

Հուլիս 28,2023 09:30

Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգը գրոհում է սեփական կենտրոնական նյարդային համակարգի վրա (գլխուղեղն ու ողնուղեղը)՝ վնասելով կամ քայքայելով նյարդերը պաշտպանող և մեկուսացնող ճերմակ նյութը՝ միելինը՝ առաջացնելով բազմազան ախտանշաններ, որոնք դրսևորվում են ինչպես թեթև, այնպես էլ ծանր ընթացքով․ դրանք են՝

  • Հոգնածություն,
  • վերջույթների թմրածություն ու ծակծկոց,
  • թուլություն,
  • գլխապտույտ,
  • սեռական գործառույթի խանգարումներ,
  • ցավ,
  • զգացմունքային անկայունություն, դեպրեսիա
  • քայլելու հետ կապված դժվարություններ,
  • մկանային ջղակծկումներ,
  • պարալիզ,
  • տեսողական խնդիրներ,
  • միզապարկի ու աղիների հետ կապված խնդիրներ,
  • կոգնիտիվ փոփոխություններ և այլն։

Վերջերս Neurology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը հաստատում է, որ պացիենտները, որոնք ցրված սկլերոզի դեմ բուժում են ստանում հիվանդության վաղ փուլում, հետագայում ավելի քիչ են ենթարկվում հաշմանդամության զարգացման վտանգին։

Հետազոտության հեղինակները հայտնել են, որ գրեթե 600 պացիենտներ, որոնք ախտանշանների դրսևորումից անմիջապես հետո ախտորոշվել և բուժվել են, հիվանդության զարգացման ու հաշմանդամության ավելի ցածր ռիսկեր են ունեցել։

Հետազոտության հեղինակ դոկտոր Ալվարո Կոբո Կալվոն նշել է՝ երբ գործը հասնում է ցրված սկլերոզի բուժմանը, որքան շուտ՝ այնքան լավ։

Հետազոտությունում ուսումնասիրվել է 16-ից 50 տարեկան 580 պացիենտների վաղ բուժման ազդեցությունն այն բանից հետո, երբ նրանց մոտ սկսվել են առաջին ախտանշաններն, ու նրանք ստացել են գոնե 1 մոդիֆիկացնող դեղամիջոց։

Հետազոտության շրջանակներում պացիենտներին 3 խմբի են բաժանել․ առաջին խմբի 194 մասնակիցները ցրված սկլերոզի դեմ բուժումը ստացել են առաջին ախտանշաններն ի հայտ գալուց հետո 6 ամսվա ընթացքում։ Երկրորդ խումբը ներառել է 192 պացիենտների, որոնք առաջին բուժումը ստացել են ախտանշանների դրսևորումից հետո 6-16 ամիս անց, 194 մասնակցից բաղկացած երրորդ խմբում բուժումը սկսվել է 16 և ավելի ամիս անց։

11 տարվա ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են հիվանդության հետևանքով մարդկանց հաշմանդամության աստիճանն ու գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքները։ Մասնակիցների հաշմանդամության աստիճանը գնահատվել է 0-10 միավորի միջակայքում։

Վաղ բուժում ստացած պացիենտների շրջանում հետազոտության ավարտին 3 միավորի հասնելու վտանգը 45%-ով ցածր է եղել, քան նրանց դեպքում, որոնք ավելի ուշ են սկսել բուժումը։ Նշենք, որ 3 միավորը ենթադրում է, որ պացիենտը կարող է քայլել առանց կողմնակի օգնության, սակայն ունի թեթև հաշմանդամություն, օրինակ՝ շարժողական, մտավոր, տեսողական գործառույթների շրջանակներում և այլն։

Վաղ բուժում ստացած պացիենտների շրջանում 3 միավոր ունեցողների թիվը 23 % է եղել, իսկ ուշ բուժում ստացածների շրջանում՝ 43%։ Ընդ որում, հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, որոնք ավելի շուտ են սկսել բուժումը, 60%-ով ավելի քիչ են ենթարկվել հիվանդության հաջորդ փուլին հասնելու վտանգին։

Երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզ կոչվող այս փուլում հաշմանդամությունն անդառնալիորեն խորանում է․ հետազոտության առաջին խմբում մոտ 7 % պացիենտների շրջանում է ախտորոշվել այս փուլը, երրորդ խմբում՝ 23%-ի մոտ։

Հետազոտության հեղինակը նշել է․ «Մեր արդյունքներն ընդհանուր առմամբ հաստատում են շատ վաղ բուժման արդյունավետությունը՝ ցույց տալով, որ դա թույլ է տալիս կանգնեցնել հաշմանդամության երկարաժամկետ զարգացումն ու ընդգծելով վաղ ախտորոշման ու բուժման կարևորությունը»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31