Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զարթոնքի տեսլականը

Հուլիս 28,2023 14:00

Մեր զարթոնքի տեսլականը

Նոր աշխարհակարգի ձեւավորման այս փուլում Հայաստանը Հարավային Կովկասում հայտնվել է մեծ տերությունների շահերի ու բախումների թեժ կիզակետում, ուր հնարավոր ռազմա-քաղաքական ընդհարումների հետեւանքով պետք է անպայման ունենա անվտանգային ու գոյաբանական իր տեսլականը: Այս հարցում Սփյուռքի դերը հայ ժողովրդի կյանքում դառնում է առաջնային, քանի որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է:

Իմ զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող շինարար-ինժեներ, հասարակական գործիչ, հայերեն եւ անգլերեն լեզուներով մի շարք գրքերի հեղինակ Օգսեն Բաբախանյանը:

– Հայտնի է, որ դուք յուրաքանչյուր տարի ընտանիքի հետ միասին այցելում եք հայրենիք եւ ձեր ներածին ուժերի չափով աջակցում եք մարդկանց, բարեգործական աշխատանքներ կատարում: Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը:

– Հայաստանը որպես երկիր նախ կուզենայի անկախ ու զարգացած լիներ: Ու այստեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացի մտահոգվի իր հայրենիքի հոգսերով ու ցավերով: Նախեւառաջ մտածի իր բակի վերանորոգման, բարեկամին, ընկերոջը օգնելու մասին եւ անպայման զբաղվի ազգանպաստ գործերով: Հայաստանի քաղաքացին ոչ թե պիտի հիասթափվի երկրում ծառացած բազմաթիվ խնդիրներից, այլեւ ինքն իրեն հարցնի. «Ի՞նչ կարող եմ ես անել հայրենիքիս համար», ոչ թե շատերի պես մտածի արտագաղթի մասին: Անկեղծ ասած, Հայաստանը կիսով չափ է անկախ: Ռուսաստանն այստեղ ունենալով զինված ուժեր Գյումրիում, Սյունիքում, Տավուշում, Արցախում, տնտեսական նշանակությամբ շատ ենթակառուցվածքներ, ինքն է հիմնական որոշումներ կայացնողը: Մեզ՝ հայերիս, այս դժվարին ժամանակահատվածում կարող է փրկել միայն համախմբվածությունն ու միասնությունը: Հիշենք Ե. Չարենցի խոսքերը. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է»:

– Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Մեր թշնամիների նպատակն է ծնկի բերել Արցախը, որ համաձայնվի Ադրբեջանի մաս կազմել: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները դիմել են միջազգային տարբեր կառույցների՝ բացելու համար Լաչինի միջանցքը, վերականգնելու կապը աշխարհի հետ, պահպանելու արցախցիների՝ իրենց պապենական հողի վրա ապրելու իրավունքները: Ի՞նչ է մտածում այս մասին Սփյուռքը:

– Ցավոք, շատերին փողից ու ճոխ կյանքից բացի, ազգային խնդիրները գրեթե չեն հետաքրքրում: Սփյուռքում էլ տեղյակ են, որ Արցախի շրջափակման պատճառով այնտեղ սով է սկսվել: Թեեւ օրեր առաջ բողոքի ցույց եղավ Լոս Անջելեսում՝ ի պաշտպանություն Արցախի: Բողոքի ակցիաներ կազմակերպվեցին նաեւ Երեւանում տարբեր դեսպանատների առջեւ, սակայն հազարներով պիտի մարդիկ հավաքվեն, որ մեր ձայնը միջազգային հանրությանը տեղ հասնի: Երեւանի Ազատության հրապարակում էլ հանրահավաք ընթացավ ի աջակցություն Արցախի ժողովրդի, Ստեփանակերտի հրապարակում եւս հանրահավաք էր կազմակերպվել: Ըստ իս՝ Ռուսաստանի անգործության հետեւանքով եղավ այս շրջափակումը: Պետք է անպայման միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն այնտեղ: Ինձ համար Արցախը եւ Հայաստանը մեկ հայրենիք են:

– Դուք ամեն տարի մի քանի ամիս տրամադրում եք ազգանվեր գործեր կատարելու հայրենիքում ու բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր ունեք որպես ճարտարագետ: Հայաստանում հանդիպումներ եք ունենում տարբեր քաղաքական, պետական գործիչների հետ: Կարծում եք՝ Ձեր ծրագրերը կյանքի կկոչվե՞ն:

– Շատ եմ ցանկանում սայլը տեղից շարժել: Փորձում եմ իմ օրինակով ցույց տալ, որ ազգասեր լինում են կատարված գործով: Այսպես, օրինակ, Հայաստանում շենքերի մեծ մասը վթարային է կամ կիսավթարային: Այնինչ Հայաստանը գտնվում է երկրաշարժի ակտիվ գոտում: Որպես մասնագետ Երեւանի քաղաքապետարան բազմաթիվ առաջարկներ եմ ներկայացրել, ամրաշինական աշխատանքների նախագիծ: Ունեմ 44 նոր նախագծեր, տպագրված մի քանի բրոշյուրներ անհատ ձեռներեցներին օգնելու նպատակով: Նաեւ առանձին թեզեր եմ ներկայացրել Մեղրիի ու Արցախի զարգացման հետ կապված: Հուսով եմ, որ իմ նախագծերից գոնե մի քանիսը կկիրառվի:

– Վերջերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հրապարակել է Ն.Ա.Օ.Տ.Տ. Արամ կաթողիկոսի խոսքերը. «Այսօր մարդու պակաս կա, ղեկավարի պակաս կա, թե՛ հոգեւոր, թե՛ ազգային»: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

– Անկասկած, համամիտ եմ կաթողիկոսի խոսքերի հետ: Հայաստանի ղեկավարները պետք է բացառապես ազգանպաստ քաղաքականություն վարեն, չվախենան իրենց կայացրած որոշումներից: Հեռուստաալիքներով հաղորդումներ տարվեն հայրենասիրական թեմաներով: Հավատացեք, ինչքան էլ աշխարհում բոլոր երկրներին փորձեն տեղավորել գլոբալիզացիայի թնջուկի մեջ, այնուհանդերձ, պետք է պահպանել ազգային արժեքներն ու ավանդույթները, թե չէ կկորչենք այս հորձանուտի մեջ: Հիշո՞ւմ եք, թե ասորիների հետ ինչ կատարվեց: Չէ՞ որ նրանք Ասորեստան են ունեցել, որն ամենահզոր կայսրություններից մեկն էր իր ժամանակին:

– Ամբողջ աշխարհում ապրում է 10-12 միլիոն հայ: Արդյո՞ք բավարար է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական կապը: Լոս Անջելեսի հայ համայնքի ղեկավարն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ երեսուն տարում սփյուռքը հայրենիքին օգնելու համար օգտագործել է իր ռեսուրսների ընդամենը երկու տոկոսը:

– Դուք իրավացի եք: Սփյուռքում միասնականություն չկա: Իրարից անջատ են գործում 30-ից ավելի կազմակերպություններ, կուսակցություններ, միություններ, եկեղեցիները, դպրոցները: Այդ պատճառով էլ մեծ գործունեություն չի կարողանում ծավալել: Երեւի միայն Հայ Դատի հանձնախումբն է ակտիվ գործում Սփյուռքում: Վերջերս Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը եւս դատապարտեց Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես այլընտրանք նկատելը: Թեկուզ այս տարածաշրջանում Ամերիկան է պահպանում հավասարակշռությունը ու հարաբերական կայունությունը, եւ նա բազմիցս ընդգծել է Լաչինի միջանցքի հնարավորինս վերաբացման կարեւորությունը: Կարծում եմ, թեեւ ուշացումով, բայց ի վերջո պիտի ստեղծել Սփյուռքի հանրությունների առաջնորդների մի ասոցիացիա, ինչը լինի հովանավորող խումբ եւ ունենա կառավարության պատկան մարմինների ու երկրի անհատների ջանքերը, նախագծերը, բարեգործական միջոցներն ու գումարները կոորդինացնելու լրջագույն պատասխանատվություն: Այն անպայման պիտի կապ ունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որը միաժամանակ պիտի ստեղծի հայրենադարձության ֆոնդ: Մեր իշխանությունը, որը հիմա պատրաստվում է «խաղաղության» պայմանագիր կնքել մեր թշնամիների հետ, դեռ չի նշանակում, որ պատերազմ չի լինելու: Ամենից առաջ անհրաժեշտ է ազգային ամրակուռ բանակը հզորացնել, եւ Սփյուռքը պարտավոր է այդ հարցում սատար լինել հայրենիքին: Մենք այլեւս ժամանակ չունենք: Պիտի միաբանվենք, այլապես չենք կարող կանգնուն մնալ ու հզորանալ:

Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

«Առավոտ» օրաթերթ
27.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31