Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տունն ամբողջ օրը ցնցվում է, երեխաներին հանել ենք տներից»

Հուլիս 28,2023 13:30

Կենտրոն համայնքի Բրյուսովի փողոցում արտակարգ վիճակը շարունակվում է

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերը» հաստատված հավելվածի 11 կետի համաձայն, «Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերում հեռանկարային զարգացման տարածքներն ընտրելիս պետք է հաշվի առնել գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողերի պահպանման անհրաժեշտությունը, բնապահպանական սահմանափակումները, միաժամանակ ապահովելով` տարածքների օգտագործման անվտանգությունն ու արդյունավետության բարձրացումը, համայնքների, սեփականատերերի եւ այլ հողօգտագործողների իրավունքների ու շահերի փոխադարձ համադրումն ու համաձայնեցումը»։

Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Բրյուսով փողոցի բնակիչներն ահազանգում են, որ իրենց՝ սեփանակատերերի իրավունքները ու շահերը ոտնատակ են արվում ամեն օր, գոյություն չունի իրենց կողմից թույլտվություն, որպեսզի սեփական տներին կից պատեր կառուցվեն, բազմաբնակարան շենքերի հիմքեր փորվեն:

Բրյուսովի փողոցի 11/8, 12, 13 բնակարանների բնակիչները մինչ «Առավոտին» դիմելը բազմաթիվ դիմում-բողոքներ են ուղարկել Երեւանի քաղաքապետերին՝ նախկին, ներկա, ՀՀ ոստիկանություն, կառավարության, քաղաքապետարանի «թեժ գիծ»: Սակայն 4 տարի առաջ իրենց սեփական տների կողքին սկսված շինարարական աշխատանքները խաթարել են նրանց հանգիստը:

Նարինե Դանիելյանի հայրը այս տունը տիրապետել է անցյալ դարի 50-ական թվականներից, իսկ տունը անցյալ դարի 1928 թվականի է. hին Երեւանը խորհրդանշող, տրամվայի պարկի հարեւանությամբ կառուցված տները հիմնականում աշխատակիցների համար էին:

Նշված տարածքի տներին կից «Ջերմուկ գրուպ» ընկերությունը կառուցում է «Բյուրեղ» բազմաբնակարանային համալիրը՝ 23-25 հարկանի շենքեր (ընկերության տնօրեն՝ Վլադիմիր Պողոսյան, կառուցապատող՝ Նորայր Մովսիսյան): Ըստ բողոքաբերների, շինարարական ընկերությունն առանց թույլատրության, իրենց սեփական բնակարաններին կից փոսեր են փորել, բնակարանի պատերին կից, անգամ չպահպանելով մինչեւ երեք մետր հեռավորությունը:

Արդյունքում, Նարինե Դանիելյանի տան առաստաղը տեղաշարժված է, կան ճեղքեր, պատերից թափվում են ծեփերը, իսկ հարեւանի՝ տիկին Լենա Հովհաննիսյանի նոր վերանորոգված տան պատի ճեղքերը գնալով ավելանում են…

Վտանգված են տների տանիքները, որոնց վրայով անարգել օրվա տարբեր ժամերին վերամբարձ կռունկն է «թեւածում»… ձայնից, փոշուց, աղբից, շինարարների անհարգալից վերաբերմունքից հաճախակի են դառնում վեճերը: Երբեմն գիշերներն էլ են աշխատում:

Տարածք եկած ոստիկանները հայտարարել են, թե իրենք իրավասու չեն միջամտել այդ գործընթացին, իսկ «թեժ գծին» ուղղված բողոքներին էլ արհեստական բանականության միջոցով փոխանցվում է՝ «ձեր գործն ընթացքի մեջ է, ձեր գործն ընթացքի մեջ է»:

Ահաբեկված բնակիչները տարածք են հրավիրում մասնագետների, ովքեր կասեն, թե իրենց բնակարաններին սպառնացող փլուզումները, վնասները ինչպես կարող են կանխել, եւ արդյոք առանց թույլտվության ընթացող շինարարությունը հնարավոր չէ՞ դադարեցնել, մինչ բնակիչների համաձայնությունը լինելը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացության, ձայնի համարժեք մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը, չի համապատասխանում սանիտարական նորմերի սահմանված պահանջներին: Վարչական վարույթ էր հարուցվել, լսվել, քառասուն հազար դրամի չափով տնօրեն Պողոսյանը ենթարկվել էր վարչական տուգանքի:

Մարդիկ վստահ չեն, թե այսօր պատերն անարգել վնասելուց հետո իրենց տանն ուրիշ էլ ինչ է սպասվում:

«Տանիքս խարխլված է ծեփերով, փայտերով, հողն ու փոշին ամբողջ օրը մեր տանն է: Տեսչական մարմինը եկավ տուգանեց, դիմել ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, տունն ամբողջ օրը ցնցվում է, երեխաներին հանել ենք տներից: Թող ցույց տան մի թուղթ, որով տվել ենք մեր համաձայնությունը: Յոթ տների բնակիչներ արտակարգ վիճակում ենք: Մենք իրենցից ոչինչ չենք ուզում: Մեզ սպառնում են, թե ուզում են չորս-հինգ մետր պատ կառուցեն: Հարցնում ենք՝ ունե՞ք թույլտվություն, շինարարություն իրականացնողն ասում է՝ «չունենք, բայց պատը պիտի կառուցվի, քանի ես այստեղ եմ»: Իմ պատին կից հիմք են փորում, որի թույլտվությունը շինարարը չունի: ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված շինարարական նորմերի համաձայն, պետք է բնակելի տարածքով հեռավորությունը լինի երեք մետր»,-ասում են բնակիչները:

Երեւանի քաղաքապետարանից երկու օր առաջ են եկել տարածք: Երեկ բնակիչներից մեկին ճանապարհ էին դրել, հայտնելով, թե նորից կգան տարածք:

«Իմ պատի տակ ծառ կա, արմատները մտնում են տան տակը, դրան ձեռք չեն տվել, բետոն են արել, եթե տունս սարքեմ, իրենց պատը եթե փլվի, գո՞րծ են սարքելու իմ դեմ»,- հարցնում է բնակիչը, ցույց տալով ծառը:

Շինարարության արդյունքում տները կզրկվեն նաեւ բնական լույսից՝ լուսավորությունից:

«Նրանք մեզ չեն մոտենում, ոնց որ մենք մարդ չենք: Հաճախ ծաղրում են, բարձր անհարգալից արտահայտություններ են թույլ տալիս տարեց կանանց նկատմամբ»,-ասում են բնակիչները:

Իսկ մինչ շինարարությունը տարիներ առաջ իրենց տները շրջապատված էին պտղատու՝ թզի, ծիրանի, սալորի, խնձորի… ծառերով, բուրավետ ծաղկանոցներով, որոնք նույնպես հողին են հավասարվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
27.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31