Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղն Ադրբեջան է»` նաեւ ըստ Մոսկվայի

Հուլիս 28,2023 12:00

Ռուսական կողմը «մի շարք փաստաթղթեր է» նախապատրաստել, ըստ ամենայնի` Պուտին-Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը ստորագրելու նպատակով

Շաբաթներ շարունակ Արեւմուտքի ջանքերով Հայաստան-Ադրբեջան հանդիպումներին, բանակցություններին ընդդիմանալուց հետո Մոսկվան կրկին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գլխավոր մրցավարն է:

Հուլիսի 25-ին Մոսկվայում քննարկվեց Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը: Այս գործում Ռուսաստանն ակնհայտորեն չի ցանկանում «հաղթանակի դափնիները» կիսել Արեւմուտքի հետ:

Մոսկվայում հյուրընկալելով Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ` Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին, Սերգեյ Լավրովը նախ շեշտեց. «Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համաձայնեցման գործում՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժը եւ բարեկամական հարաբերություններն այստեղ ներկա մեր բարեկամների հետ… Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ եւ կայունությամբ: Մենք կողմերի համաձայնությամբ, որը, ինչպես ես հասկանում եմ, հաստատված է, կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը եւ մարդասիրական հարցերի լուծմանը, տնտեսական-տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, քաղհասարակության, փորձագետների, քաղաքագետների եւ խորհրդարանականների մակարդակով մարդկանց միջեւ կապերի ամրապնդմանը»:

Լավրովը նախ առանձին հանդիպումներ ունեցավ Միրզոյանի եւ Բայրամովի հետ:

Միրզոյան-Լավրով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը եւ Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան: «Ընդգծվել է եռակողմ հայտարարության ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը եւ առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը», ասվում էր ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Այնուհետեւ երկու երկրների միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։ «Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման համատեքստում եւս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան կապուղիների՝ երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո գործելուն այլընտրանքի բացակայությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրման կարեւորությունը»:

Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը Լավրովի որոշ հայտարարություններ ուշագրավ էին. «Կարեւոր ենք համարում առաջ գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, դելիմիտացիայի ու հասարակական կառույցների միջեւ երկխոսության։ Պատրաստ ենք դրան ամեն կերպ աջակցել։ Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք, հուսով ենք, որ անօգուտ չեն լինի»։

Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկկողմ հանդիպումներում Լավրովն ընդգծեց, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Երկրորդ հարցը, որ առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար, վերաբերում է Լեռնային Ղարաբաղին եւ այն ամենին, ինչ կապված է դրա հետ», -ասաց Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարին։ Ավելին՝ նա ակնարկեց, թե Բաքվի հետ որոշակի փոխըմբռնում կա Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցում։ «Մենք շատ ենք գնահատում, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է», – նշեց նա։

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, ընդունելով Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ հայտնեց Լավրովը։ Փաստաթղթերի բովանդակության մասին, սակայն, Լավրովը ոչինչ չասաց։

Երկկողմ բանակցություններից հետո մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Լավրովը հստակ ընդգծեց՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններին, եւ հատուկ շեշտեց, որ հակամարտող կողմերն են նման ցանկություն հայտնել. «Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ եւ կայունությամբ։ Եվ մենք, կողմերի համաձայնությամբ, ինչը, որքան հասկանում եմ, վերահաստատվել է, կշարունակենք մեր ջանքերը իրավիճակի կայունացման ուղղությամբ թե հայ-ադրբեջանական սահմանի, թե մարդասիրական խնդիրների լուծման, թե տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ»։ «Առաջարկում եմ քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները», – հորդորեց Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին։

Ավելի քան երեք ժամ տեւած եռակողմ բանակցություններից հետո Լավրովի ամփոփիչ ելույթը խիստ ուշագրավ նրբերանգներ էր պարունակում: Նա նախ «արդյունավետ բանակցություններ» անվանեց գործընկերների հետ շփումները: Լավրովը հայտնեց, որ գործընկերներին ներկայացրել է ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, եւ այն քայլերը, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա եւ գազամատակարարումն ապահովելու համար։ «Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից», -ասաց նա։

Ի դեպ, հատկանշական է, որ մոսկովյան վերջին բանակցություններից հետո իր ելույթում Լավրովը խոսելով Արցախի մասին նշում էր` «Ղարաբաղ», առանց` «Լեռնային» բառի գործածության:

Մոսկվան մեկ անգամ եւս շեշտեց ռուսական հովանու ներքո ձեռքբերված պայմանավորվածություններից չշեղվելու անհրաժեշտությունը: Ռուսաստանը խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ է` սկսած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան այն եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 եւ 2022թթ., ընդգծեց Լավրովը։

«Խոսեցինք եւս մեկ կարեւոր դրույթի մասին, որն այդ պայմանավորվածությունների շրջանակում է: Նկատի ունեմ ամբողջ տարածաշրջանում անարգել երթեւեկության ապահովումը, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ապաշրջափակումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ եւ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին»,- նշեց Լավրովը:

Պարզ դարձավ, որ Մոսկվան նպատակ ունի կազմակերպել Փաշինյան-Ալիեւ-Պուտին եւս մեկ հանդիպում, ըստ ամենայնի, Լավրովի ակնարկած` «մի շարք փաստաթղթերի» ստորագրումն ապահովելու նպատակով: «Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը գիծ կքաշի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի եւ ադրբեջանցիների սկսած ջանքերի տակ: Ճանապարհը հեշտ չէ: Շատ բարդ եւ կարեւոր հարցեր պետք է լուծվեն։ Դրանցից ամենազգայունը եղել եւ մնում է Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991թ. հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմա Աթայում։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատված է ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը»։

Այսինքն, Մոսկվայի դիրքորոշումը հետեւյալն է` «Ղարաբաղի հայերի» իրավունքների եւ անվտանգության երաշխիքների խնդրի լուծումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանության ներքո: Հաջորդը` ամբողջ տարածաշրջանում անարգել երթեւեկության ապահովումը, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ապաշրջափակումը։ Եվ որ Ռուսաստանը, որպես առանցքային միջնորդ, պետք է բոլոր պայմանավորվածությունների պահպանման երաշխավորը լինի:

Լավրովի գնահատականների հաջորդ խմբաքանակը եւս որոշ ուշագրավ նրբերանգներ ուներ: Նա ասում է` հայկական կողմը ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: «Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաեւ իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»,- նշեց Լավրովը։

Այսինքն, Մոսկվան Երեւանի եւ Բաքվի հետ քննարկում է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը: Իսկ Արցախի անվտանգային բոլոր հարցերը՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ձեւաչափում պետք է կայանան:

Ապա Լավրովը հավելում է. «Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այս եւ այլ ուղղություններով: Այս փուլում առավել մոտ արդյունք է դիտվում այն եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը, որը գլխավորում են երեք փոխվարչապետները, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ: Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաեւ տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի լայն բնույթ: Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը երկրորդ «ուղու» շուրջ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջեւ։ Նաեւ հույս ունենք (առաջարկել ենք դա այսօր) սկսել եռակողմ երկխոսություն խորհրդարանականների գծով»։

Ի դեպ, այս անգամ Լավրովն անդրադառնալով գործընթացում ներգրաված այլ կողմերին, նկատելի` մեղմություն ցուցաբերեց. «Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաեւ մյուսների։

Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին եւ Երեւանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես եւ մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական նկատառումների»։

Այսպիսով, ի՞նչ ուղերձներ հղեց Մոսկվան Լավրովի շուրթերով… Պաշտոնական Երեւանը կհամոզի «Ղարաբաղի հայերին»` «հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ», ընդ որում` «իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից («Ադրբեջանի կողմից ստանձնած»)` ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին միջազգային կոնվենցիաները»։

Ու այստեղ ի՞նչ կարելի է եզրակացնել: Ըստ Լավրովի, ստացվում է, որ Արցախի հայերի իրավունքների ապահովումը բանակցություններում շաղկապվում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմայի հետ։

Լավրովը որպես ամենազգայուն հարց մատնանշեց Արցախի հայերի «իրավունքների եւ անվտանգության երաշխիքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կոնտեքստում»։ Շեշտեց, որ այն ամբողջությամբ պետք է համապատասխանի 1991թ. Ալմա Աթայում, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի դրույթներին, հայտնեց, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը հաստատել են այս հարցում իրենց դիրքորոշումը եւ որ «խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը կառուցվում է հենց դրան համապատասխան»։

Այսպիսով, պաշտոնական Մոսկվան մի անգամ եւս վերահաստատեց իր հստակ դիրքորոշումը` «Ղարաբաղն Ադրբեջան է», ինչպես հայտարարել էր Ռուսաստանի նախագահը դեռևս 2020 թվականին` 44-օրյա պատերազմից օրեր անց:

Հետաքրքիր է, հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունն ու նրանց աջակիցները պատրաստվո՞ւմ են Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ ցույցեր կազմակերպել` մոսկովյան վերջին եռակողմ բանակցությունների համատեքստում Լավրովի արած մի շարք խիստ ուշագրավ հայտարարությունների առիթով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31