Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նացիստական» «Կարմինա Բուրանայի» մասին հետաքրքիր փաստերից մինչեւ մեզանում վերացած «արվեստի սոցիոլոգիա»

Հուլիս 28,2023 13:00

Օրերս Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կատարվեց 20-րդ դարի պարադոքսալ դասական ստեղծագործություններից մեկը՝ Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» սիմֆոնիկ կանտատը, մասնակցությամբ օպերային թատրոնի նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) եւ մեներգիչներ՝ սոպրանո Արծվիկ Դեմուրչյանի, տենոր Պերճ Քարազյանի եւ բարիտոն Առնոլդ Քոչարյանի։

Առնոլդ Քոչարյան

Պրեմիերայի պահից՝ 1937թ. մինչ օրս, թե այս ստեղծագործության եւ թե հեղինակի մասին հնչում են  տրամագծորեն հակադիր կարծիքներ։ Իմիջիայլոց, բոլոր այդ հակասությունները համապատասխանում են դարաշրջանի ոգուն. 1937թ., նացիստական Գերմանիա, կոմպոզիտորի հրեական արմատներ… Բայց մի բան անվիճելի է. «Կարմինա Բուրանան» պատմական տեսանկյունից նացիստական Գերմանիայում ստեղծված ու հրապարակավ առաջինը կատարված ամենահայտնի երկն է, թեեւ քննադատներից ոմանք այս գործն անվանել են դեգեներատիվ։ Նշենք, որ այդ տերմինով բնութագրում էին մոդեռնիստական արվեստը եւ այդ բառի տակ հասկացվում էր ոչ գերմանականը՝ հատկապես կոմունիստական կամ հրեական արվեստը, իսկ այդ մշակույթը կրողների հանդեպ կիրառվում էին սանկցիաներ՝ արգելելով նրանց դասավանդել, ցուցահանդեսներ անցկացնել, հրապարակային ելույթներ ունենալ եւ այլն։ Այդուհանդերձ, քննադատների մի խումբ էլ նացիստական Գերմանիայի պետական եւ քաղաքական գործիչ Յոզեֆ Գեբելսի գլխավորությամբ «Կարմինա Բուրանան» համարեցին «գերմանական երաժշտության վառ օրինակ»։ Եվ այդ «վառ օրինակին» Հայաստանում առաջին անգամ 1981թ. անդրադարձել է խմբավար Կարինե Առաքելյանը՝ հնչեցնելով այն Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի, մենակատարների եւ երկու ռոյալի մասնակցությամբ։ Հետո արդեն «Կարմինա Բուրանային» 1998թ. անդրադարձել են մաեստրոներ Լորիս Ճգնավորյանը (որը դասեր է առել Կառլ Օրֆից) ու Հովհաննես Չեքիջյանը, մոտ 20 տարի անց էլ՝ Կարեն Դուրգարյանը։

Պերճ Քարազյան

«Կարմինա Բուրանայի» մասին վերը շարադրվածին հավելենք կանտատի ստեղծման պատմությունից ու հետաքրքիր փաստերից եւս մի քանիսը։ Կառլ Օրֆը այս երկը գրել է 40 տարեկանում, երբ հայտնի էր որպես նորարար ուսուցիչ. կնոջ հետ բացել էին դպրոց, որտեղ երեխաներին սովորեցնում էին զուտ իրենց մեթոդաբանությամբ՝ մարմնի շարժումներով, ռիթմով եւ նվագելով ամենապարզ գործիքներով։ Այդպես փորձում էին «արթնացնել» բնական երաժշտությունն ու տաղանդը։ Այդ ժամանակահատվածում Օրֆը Բավարիայի վանքերից մեկում «հայտնաբերում» է 1300 թվականի երգարան՝ մոտ 250 տեքստերով, որոնք գրված էին թափառաշրջիկ երգիչների ու բանաստեղծների կողմից։ Հետաքրքրական է, որ այդ տեքստերը կրոնական ոչինչ չէին պարունակում, ընդհակառակը՝ բոլոր տեքստերն աշխարհիկ են՝ լիրիկական սիրային սերենադներ ու ռոմանսներ, կենաց երգեր… նույնիսկ զվարճալի  պարոդիաներ։

Արծվիկ Դեմուրչյան

Անդրադառնալով օրերս մաեստրո Դուրգարյանի մեկնաբանմամբ հնչած «Կարմինա Բուրանային», փաստենք, որ մեզ մոտ հազվադեպ կատարվող այս գործը զարմանալիորեն հետաքրքրել էր հանդիսատեսին, ավելին՝ ոմանք դահլիճից հեռանում էին կանտատից որոշ հատվածներ արտաբերելով։ Ասել, թե հանդիսատեսը գոհ էր ստեղծագործության մեկնաբանումից, նշանակում է ոչինչ չասել։

Մի հետաքրքիր փաստ էլ արձանագրենք, որը թեեւ կապ չունի ստեղծագործության հետ, բայց ուղիղ առնչվում է վերջինիս կատարման հետ. մեզանում կարելի է վերացած համարել «արվեստի սոցիոլոգ» մասնագիտությունը, որն ուսումնասիրում է արվեստի գործառնությունը հասարակության մեջ, ընդ որում՝ հիմնական հարցերից մեկը ընկալող հանրության եւ ստեղծագործության (կամ ստեղծագործողի ու սպառողի) փոխհարաբերություններում։ Պարզ ասած՝ ստեղծագործություն-կատարող-հանդիսատես հարաբերությունը։ Տասնամյակներ շարունակ արվեստի սոցիոլոգիա ոլորտում, մեր դիտարկմամբ՝ հանդիպել ենք միայն Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի շրջանավարտ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սուսաննա Դավթյանի հետազոտություններին։ Ժամանակին նա դիմել էր մաեստրո Չեքիջյանին՝ իմանալու, թե նա ո՞ւմ կարծիքն է կիսում՝ ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր Մորիս Ռավելի՞, թե՞ ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան Առնոլդ Շյոնբերգի։ Իսկ խնդիրը հետեւյալն էր. Ռավելն ասում էր. «Ես չեմ կամենում, որ ինձ մեկնաբանեն։ Երաժշտությունը պետք է կատարել եւ ոչ թե մեկնաբանել։ Ամեն մեկնաբանություն առաջին հերթին բացահայտում է մեկնաբանողի, ոչ թե հեղինակի անհատականությունը»։ Շյոնբերգը հակառակ կարծիքն ուներ. «Կատարողը, մեկնաբանողը, «թարգմանը» հանդես են գալիս գրեթե որպես համահեղինակ»։ Չեքիջյանը հակված է եղել Շյոնբերգի կարծիքին։ Տիկին Դավթյանը նույնպես կիսում է չեքիջյանական կարծիքը, նշելով, որ մաեստրոն սովորական մեկնաբան չէ. «Նա կարծես թե համահեղինակ է, նրա երաժշտական ընթերցումների մեջ դրոշմված են նրա յուրօրինակ գեղագիտական ճաշակը, ապրումները…»։ Մենք էլ նույն հարցի շուրջ կարծիք խնդրեցինք մաեստրո Դուրգարյանից։ «Մեր մեկնաբանության հիմքը ստեղծագործության պարտիտուրն է, որը, բնականաբար, գրել է հեղինակը։ Հիմա ես հռետորական հարց հնչեցնեմ՝ օրինակ, երբ եկեղեցու հովիվը Աստվածաշունչ է մեկնաբանում, ինքը դառնում է համահեղինա՞կ։ Իհարկե՝ ոչ։  Ինքը ընդամենը մեկնաբան է, տարածող»,- պատասխանեց պարոն Դուրգարյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31