«Առավոտի» զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
– Պարոն Հայրիկյան, խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինքնորոշումը միշտ էլ նկատի է առնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Արդյոք դա այդպե՞ս է։
– Ամեն քաղաքական գործիչ կարող է իրեն թույլ տալ ինքնորոշումը յուրովի մեկնաբանել, բայց ինքնորոշումը շատ հստակ հասկացություն է։ Եվ շնորհիվ ինքնորոշման իրավունքի է, որ մարդկությունը հասել է պետությունների այսպիսի առատության։ Եվ ընդհանրապես ինքնորոշման սկզբունքից ավելի կարեւոր սկզբունք չկա, միջազգային իրավունքի եւ ընդհանրապես մարդու իրավունքների կարեւորագույն ու բարձրագույն իրավունքն է ինքնորոշումը։ Եվ նույնիսկ բթամիտների համար կարելի է հիշեցնել, որ երբ նրանք որեւէ հայտարարություն են անում, օրինակ, մերժում են Արցախի ինքնորոշման իրավունքը, այդտեղ էլ իրենք են ինքնորոշվում։ Նախ ինքնորոշվում են, հետո արտահայտվում։ Աշխարհում եղել են ինքնորոշումը թերագնահատելու այդպիսի մոտեցումներ, բայց դրանք, որպես կանոն, բխում են հետին նկատառումներից։ Իսկ եթե դու մարդու իրավունքների հարցով հետեւողական ես, ապա պետք է պատրաստ լինես նույնիսկ քեզ համար շատ անցանկալի ուրիշների ինքնորոշման իրավունքից խոսել։ Ինքնորոշման իրավունքի դեմ միայն մեկ խոչընդոտ կա, դա այլոց ինքնորոշման իրավունքը ոտնահարելն է։ Աշխարհում ինքնորոշում անունով քաղաքական կազմակերպություն ստեղծող մարդը ես եմ, եւ հենց այդ սկզբունքն էր, որ չարի կայսրությունը, որը պահպանելու համար պետք է միլիարդներ պահանջվեր աշխարհից, ինքնորոշման սկզբունքի հետեւողական կիրառման, դրա շուրջը տարբեր ազգերի համախմբելու, համաշխարհային հանրության աջակցությունն ստանալու շնորհիվ մենք մեր խնդիրը լուծեցինք։ Նախկինում Լեւոնն էր ասում, հիմա Նիկոլն է ասում, հետո էլի ինչ-որ մարդիկ հայտարարություններ կանեն՝ վախերին տրվելով, բայց եթե չունես հստակ պատկերացումներ երեւույթների մասին՝ ինչո՞ւ ես քեզ թույլ տալիս զբաղվել մարդկանց ճակատագրերով։
Արցախի ինքնորոշումը նախնական փուլում սա էր՝ արցախցիներն իրենք էին որոշում, թե որտեղ լինեն, այսինքն՝ Սովետական միության տարածքում իրենք ուզում էին լինել Հայաստանի հետ։ Նրանք իրենց առանձին միավոր չէին համարում եւ որոշում էին կայացրել Հայաստանի հետ միավորվելու հարցով։ Հետո դա համարվեց հայ-ադրբեջանական համակարտություն, ոչ թե Արցախի ինքնորոշման հարց, եւ այն ժամանակ կոչ արեցին Հայաստանին ու Ադրբեջանին ճանաչել Արցախի ինքնորոշումը՝ անկախության տեսքով։ Հիմա աշխարհը, լսելով այսպիսի լպրծուն, անողնաշար, անկամ գործչի, ընտրում է իր համար հարմար տարբերակը։ Ամենասկզբունքային մարդիկ անգամ երբեմն իրենց չվերաբերող հարցերում ասում են՝ ո՞րն է պակաս գլխացավանք առաջացնող։ Հիմա Ադրբեջանի հետ կապված Թուրքիայի գործոն կա եւ այլն։ Այս վերջին օրերին ավելի բուռն սկսեց հայտարարել, թե՝ ես իրավունք չունեմ Արցախի հարցով որոշում ընդունելու։ Այդ դեպքում, այ անշնորհք, ինչո՞ւ էիր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի վերաբերյալ բան ստորագրում։
Կարդացեք նաև
– Նա հայտարարեց նաեւ, որ ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու մանդատ չունի, ԼՂ ժողովուրդը պետք է որոշի ԼՂ ճակատագիրը։ «Ես մանդատ ունեմ որոշումներ կայացնելու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, բայց մենք պետք է հարցերի հայելային էֆեկտն անպայման հաշվի առնենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համաձա՞յն է, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29.8 հազար քկմ տարածքային ամբողջականությունը։ Սրա մասին է խոսքը։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ, որ 29.8 հազար քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչվի, թող ասի՝ ես համաձայն չեմ»,- հայտարարեց Փաշինյանը։ Այսինքն՝ նա Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականության հայելային դրսեւորում է համարում այն, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
– Ինքը քրեական հանցագործ է։ Շատ հստակ ներկայացված է, որ ինքն իր իրավական ակտը երեք անգամ խախտել է, այդ իրավական ակտի հետեւանքով հսկայական գումարներ է ծախսվել, ինքն անտարբեր է եղել այդ հարցի վերաբերյալ։ Հունիսի 30-ին ավարտվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին տրված ժամկետը։ Իսկ ես արդարադատության նախարարությունից նամակ եմ ստացել, որ իրենք շարունակում են աշխատել։ Ժամկետ է դրված, բայց եթե իրենք շարունակում են աշխատել, նշանակում է ամեն ամիս առնվազն 4 մլն ծախսվում է։ Ճապոնիան Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, Ռուսաստանն էլ Ճապոնիայինը, հետո՞ ինչ։ Այդ վախերով ինքը թող գնա նկուղներում ապրի, մեզ հետ գործ չունի։ Անձնապես մեր հանրությունն է ամենակարեւոր հարցերի լուծումն ուշացնում, տեսեք, թե մեր հակառակորդներն ինչի հասան։ Հասան նրան, որ Արցախի ինքնորոշման իրավունքի համար ինչ-որ չափով հետեւողականություն դրսեւորող քաղաքական աշխարհն այսօր ընդամենը զբաղված է Արցախի բնակչության սովամահ լինել-չլինելու հարցով։ Հարցը բերել իջեցրել են այդ մակարդակի, մենք ընդամենը պահանջում ենք բլոկադան վերացնել, այս իրավիճակին ինքը հանգեցրեց։
– Իրականում նշաձողը Նիկոլ Փաշինյա՞նը իջեցրեց։
– Այո, իր ղեկավարությամբ իջեցվել է նշաձողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկումը… Մենք այնպիսի կռվաններ ունենք, դրանք ընդամենն օգտագործող է պետք։ Բայց դրա օգտագործողն ընդամենը պետք է բարոյական իրավունք ունենա, ինքը պիտի այնպիսի որակներ դրսեւորած լիներ, որ աշխարհն էլ իրեն բանատեղ դներ։
– Ասում եք՝ հանրությունն ուշացնում է ամենակարեւոր հարցերի լուծումը, բայց քաղաքական ուժերն էլ են պասիվ։ Հատկապես խոսքս արտախորհրդարանական ուժերի մասին է, ինչո՞ւ է այս իրավիճակը։
– Ամենակարեւոր հարցը հիմնական օրենքն է՝ Սահմանադրությունը։ Տասնամյակից ավելի քաղաքական ուժերն զբաղված են լպրշուն նկատառումներով, չեն ուզում տեսնել իմ պարզ ու հասարակ առաջարկները՝ բացարձակ ժողովրդավարության նախագիծը։ Ես արդեն հատուկ նամակ եմ ուղարկել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի, որ, հասկացեք, զուգահեռաբար ծանր հանցագործություն է կատարվում։ Այո, ցավոք սրտի, մենք հիմար վիճակի առաջ ենք կանգնած՝ ազգային հոգեբանական ընկճվածության եւ սպասողական վիճակի պատճառով։ Բայց այս բոլորի հիմքում էլի մի բան է ընկած՝ գլխավորը տասներորդականից տարբերելու եւ դրա հետեւանքով գնալով նշաձողն իջեցնելու վտանգը։
Այսօր Ալիեւն այնպես է ներկայացնում, որ Հայաստանի տարածքով այդ միջանցքի բացումը կարեւոր է, որ Չինաստանը Եվրոպայի հետ կապվի։ Աշխարհի բոլոր երկրներով էլ ճանապարհներ են անցնում, բայց ոչ մի ճանապարհ չի կոչվում «միջանցք»։ Մեր այս ապիկարը մի անգամ չասաց՝ իսկ ո՞վ է ճանապարհ փակում, եկեք պայմանավորվենք ճանապարհները բացենք։ Վերացական խոսում է, բայց այդպիսի խոսքերին չի հակադրվում՝ ինչո՞ւ եք միջանցքի մասին խոսում։ Ֆրանսիայից Լեհաստան գնալու համար միջա՞նք է տրամադրվում Գերմանիայով։ Այս ի՞նչ հիմարություններ է դուրս տալիս չեկիստի զավակը։ Ինքն այնպես արեց, որ աշխարհում, այո, Հայաստանին կարող են սպառնալ, նույնիսկ պատերազմով սպառնալ։ Եվ լավ է, որ Եվրոպան, հակադրվելով Նիկոլի տրամադրություններին, դիտորդներ ուղարկեց։ Փոխանակ այդ գիծը խորացնի, շարունակում է վախերով վախեցնել մեր ժողովրդին ու սովորեցնել աշխարհին, որ ուժի միջոցով կարող եք մի հարց էլ լուծել։ Այսօրվա աշխարհի մեծագույն պրոբլեմն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նման ապիկարն աշխարհին սովորեցրեց, որ Հայաստանում ուժի միջոցով հարց են լուծում, լավ են անում, մենք էլ հետո թուղթ ենք ստորագրում, որ դրա հետ համաձայն ենք։ Հետո սկսում են նույնը փորձել Ուկրաինայում, եւ այսպես կշարունակվի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.07.2023