ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Արցախ մարդասիրական օգնություն հասցնելը խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի անխոչընդոտ մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը։
«Առաջնահերթություն տալով տուժած բնակչության բարեկեցությանը՝ ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը հնարավորություն կտա մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարմանն ու բաշխմանը: Եվրոպական Միության և նրա անդամ երկրների համար հրամայական է ակտիվորեն աջակցել և օգնել տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու գործում», – ասել է Լուկաս Ֆուրլասը Բրյուսելում։
Ֆուրլասը նաև ընդգծել է, որ ի պաշտոնե խոսում է իր տասնյակ գործընկերների անունից և նրանց հաստատակամ զորակցությունը փոխանցում ծանր պայմաններում գտնվող արցախահայությանը։