Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի առողջապահության բյուջեն շատ չնչին է, գումարի հիմնական մասը շենքերի վերանորոգման համար է նախատեսված»․ Մանե Թանդիլյան

Հուլիս 27,2023 23:30

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների տարեկան բյուջեն 1․2 մլրդ դրամ է, ինչը շատ չնչին ֆինանսավորում է։ Այս մասին այսօր բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ «Դա ոչ այնքան մեծ գումար է, եթե հաշվի առնենք, որ 150 մլրդ դրամ է Երեւան քաղաքի բյուջեն։ Այսինքն՝ 1․2 մլրդ դրամ առողջապահության բյուջեն շատ չնչին է։ Եվ երբ ես ուսումնասիրում էի, թե ինչ հատկացումներ են նախատեսված, 20 տոկոսը բուժտեխնիկայի գնում է, գումարի հիմնական մասը շենքերի, հաստատությունների վերանորոգման համար է նախատեսված»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանը նշեց, որ կարեւոր է ոլորտի մասնագետների հետ քննարկել, թե միասին ինչ կարելի է անել ոլորտը զարգացնելու ու հանրային առողջապահության համար նախատեսված բյուջեն ճիշտ նպատակին ծառայեցնելու համար, երբ սեպտեմբերի 17-ից հետո փոփոխություն տեղի կունենան Երեւանում։

Բուժաշխատողները Մանե Թանդիլյանին հարց ուղղեցին այն մասին, որ հունվարից նախատեսվում է առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը, ինչպե՞ս է նա տեսնում պոլիկլինիկական համակարգի աշխատանքն այդ դեպքում։

«Պարտադիր ապահովագրության անցնելուց առաջ նախօրոք պետք է տեղի ունենան այլ գործընթացներ, որպեսզի կարողանաս դա քեզ թույլ տալ։ Օրինակ՝ ընդունենք, որ դա տեղի է ունեցել, եւ հիմա բոլորն ապահովագրված են, գիտեն, որ չեն վճարելու, պատկերացրեք, թե մարդկանց հոսքն ինչքան է լինելու։ Այսինքն՝ իրենք արդեն ապահովագրված են եւ տարին մեկ անգամ պետք է գնան ստուգման։ Ես չեմ պատկերացնում, թե ոնց մեր պոլիկլինիկաները կարող են դրա տակից դուրս գալ։ Օրը քանի՞ հոգի պիտի սպասարկեն, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ, որ ամբողջ բնակչությանը հասցնեն մեկ տարվա ընթացքում սպասարկել։ Ես համոզված եմ, որ այդ հաշվարկները չունեն։ Ես նույնիսկ հաշվում եմ, որ եթե հնարավորություն տան, որ դա արվի նաեւ պոլիկլինիկաներում, եթե մարդկանց քանակը բաժանենք օրերի ու ժամերի ու բժիշկների քանակի ու սպասարկման ժամերի վրա, դա կատաստրոֆա է լինելու։ Կամ որակն է տուժելու, կամ ուղղակի տեղի չի ունենալու։ Չգիտեմ՝ որքանո՞վ են պատկերացնում, թե դա ինչ ցնցումների առաջ է կանգնեցնելու եւ բժիշկներին, եւ մարդկանց, որովհետեւ նրանք կուզեն գնալ այդ ստուգումն անցնելու»,- ասաց նա։

Թանդիլյանի կարծիքով՝ անցումն առողջապահության պարտադիր ապահովագրությանը պետք է լինի աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ կամ սոցիալական խումբ առ սոցիալական խումբ։ Դա հնարավորություն կտա գնահատել, թե ինչ ծանրաբեռնվածություն է առաջանում համակարգի վրա։ Միանգամից ներդրման դեպքում կառաջանա որակի խնդիր։

Հանդիպման ժամանակ մասնագետները բարձրացրին նաեւ հարց, որ առողջապահությունը հիմնականում Երեւանում է զարգացած, իսկ գյուղերը մնացել են 1990-ականների մակարդակին։ «Ինչո՞ւ ենք այս հանդիպման ժամանակ ավելի շատ Երեւանից խոսում, որովհետեւ նաեւ ընտրությունների նախապատրաստվելու շեմին ես ուզում էի լսել Երեւանի առջեւ ծառայացած առողջապահական խնդիրները, որպեսզի հետագայում հնարավորություն ունենամ լուծելու։ Բայց ձեր բարձրացրած խնդիրը բացարձակ ճիշտ է, ավելին, դա նաեւ միգրացիայի հետեւանք է։ Ես համաչափ զարգացման կողմնակից եմ, Երեւանի այսքան կենտրոնացվածությունը նաեւ վտանգավոր է պետության համար։

Կա ներքին միգրացիա, որովհետեւ մարդիկ մարզերում որակյալ ծառայություն չեն ստանում, ստիպված տեղափոխվում են Երեւան։ Ես գիտեմ, թե ինչ վիճակում է մարզային բժշկությունը։ Փորձեր արվո՞ւմ են՝ բարելավելու իրավիճակը, այո, բայց դրանք բավարար չեն։ Եվ հաճախ նույնիսկ հեռավոր մարզերում փակվում են բժշկական հաստատությունները, որ տեղափոխվեն մոտակա մարզային քաղաք, ինչն ինձ համար անընդունելի է։ Այս դեպքում մենք չենք կարող դրա հետ վարվել որպես բիզնես ու հաշվել արդյունավետությունը։ Կան բաներ, որոնք գյուղը պահելու համար են, որ գյուղը գոյություն ունենա, ոչ թե հաշվեն, թե որքանով է արդյունավետ, որ 17 հոգու համար գյուղը բժշկական հաստատություն ունենա»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31