Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հերոս Դավիթ Գիշյանի մասին Wikipedia-ում պարբերաբար սխալ տեղեկություններ թարմացնում

Հուլիս 27,2023 23:03

Դավիթ Գիշյան. զինվորական, Հայաստանի ԶՈւ-ի ժամկետային զինծառայող, հայ-ադրբեջանական պատերազմի (2022) մասնակից։ Ծանր վիրավորվել է № զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքում՝ հարձակման ժամանակ, գերեվարվել, և ապա սպանվել է գերության մեջ: 2022–ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված, այնուհետև սպանված Հերոս Դավիթ Գիշյանի մասին այս տեղեկությունները wikipedia-ում են: Հերոսի հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ Գիշյանը, սակայն, սխալ տեղեկություն է համարում նշվածը, թե որդուն գերեւարել ու սպանել են: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ  արդեն  մի քանի անգամ wikipedia-ում խմբագրել է որդու մասին հայտնված տեղեկությունները, սակայն իր խմբագրածն էլ ամեն անգամ մի ուրիշն է  խմբագրում հաստատելով սխալ տեղեկությունը:

«Ես դեռ չգիտեմ՝ ով է գրել այդ հոդվածը, ինքս փնտրում եմ հոդվածի հեղինակին, ես ինքս խմբագրում եմ Wikipedia-ի տեղեկությունը, ճիշտ տեղեկատվությունն եմ գրում, բայց դա ով գրել է, անընդհատ բերում է այն վիճակին, թե Դավիթ Գիշյանին գերության մեջ են սպանել»,-մեզ հետ զրույցում ասաց Բարսեղ Գիշյանը:

Հիշեցնենք, որ հարձակման օրերին ադրբեջանցիները տեսանյութ էին տարածել, որում գերեւարվածների մեջ էր նաեւ Դավիթ Գիշյանը վիրավոր վիճակում: Տեսանյութում երեւում էր՝ ադրբեջանցիները իբրեւ թե բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավոր զինվորին, սակայն դրանից որոշ ժամանակ անց Գիշյանի դին էին փոխանցել ՀՀ-ին: Հենց այդ ժամանակ տարածվեց տեղեկություն, որ վիրավոր ու գերեւարված Գիշյանին ադրբեջանցիները սպանել են: Զինվորի հայրը, սակայն պնդում է՝ ադրբեջանցիները չեն սպանել իր որդուն. «Որ գրում են՝ Դավիթ Գիշյանին սպանել են, պետք է հղումներ անեն: Wikipedia-ում էդ տեղեկությունները գրողը ինչի վրա է հիմնվում, ինչ փաստերի: 4 հիմնական հղում են արել, որոնք ինչ-որ մարդիկ են Հայաստանում, այդ թվում՝ ե՛ւ պետության հետ կապ ունեցող, ե՛ւ պետությունից դուրս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ եւ այլն: Ու նրանք հայտարարություններ են արել այն ժամանակ, երբ տղայիս մարմինը դեռեւս դատաբաժշկական փորձաքննության չէր ենթարկվել: Այսինքն՝ այդ հղումները հիմք չունեն»:

Բարսեղ Գիշյանի խոսքով, որդին վիրավորվել է վիրավոր ընկերոջը փրկելու ճանապարհին, վիրավորումը ուսից է եղել.  գնդակը մտել է ուսից ու դուրս եկել գոտկատեղի վերեւի հատվածից. «Ինքը արյունաքամվել է, իր մարմնի վրա ոչ մի ուրիշ գնդակ չկար, որ ասեի՝ իրեն սպանել են: Ինձ համար շատ զարմանալի էր, երբ տղայիս օրգաններում ջուր հայտնաբերվեց, դա նշանակում է՝ իրեն վիրավոր վիճակում թուրքերը ջուր են տվել: Բացի դա, իր մարմինը մաքուր լվացած էր: Շատ լավ վիճակում էր, ոնց որ ողջ լիներ, իմ առաջ պառկած: Ես ապշած էի, մազերը փայլուն, մարմինը մաքուր: Այդպես էին իրեն փոխանցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Առավոտ, դուք էլ եք սխալ տեղեկություն տալիս Դավիթ Գիշյանի մասին։ Նա զոհվել է ոչ թե 44 օրյա պատերազմի, այլ 2022 թվականին Սյունիքի վրա ադրբեջանական հարձակմքն ժամանակ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31