Մեկնաբանություն Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ
2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից լրատվամիջոցների համար արված մեկնաբանության առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Երախտապարտ ենք Ռուսաստանին Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի դադարեցման գործում ունեցած բացառիկ ավանդի և Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության համար։
Ի գիտություն ենք ընդունել, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականներն այն քայլերի վերաբերյալ, որոնք խիստ ցանկալի է ձեռնարկել անմիջապես և առանց հապաղելու՝ հօգուտ Արցախի բնակչության՝ սննդամթերքով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման, ինչպես նաև ապահովել էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։
Կարդացեք նաև
Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ: Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը։
Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման տրամաբանության շրջանակներում գտնելու փորձերը կտրված են իրականությունից և չեն կարող հանգեցնել արդար, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ կերպով արհամարհում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների իրագործման, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների կատարման և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է: Հակամարտության կարգավորման նման տեսլական պարտադրելու փորձերը հղի են աղետալի հետևանքներով։
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե բանակցությունների ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում և նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին լիովին համապատասխան», տեղին ենք համարում կրկին հիշեցնել, որ նախքան այդ փաստաթղթի ստորագրումը, Արցախի Հանրապետությունն արդեն ավարտել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու գործընթացը՝ Խորհրդային Միության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ համընդհանուր նորմերով ու սկզբունքներով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը։
Միևնույն ժամանակ, տարբեր իրավական նորմերի հարաբերակցության մեկնաբանումը ենթարկվում է միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի զարգացման ընդհանուր տրամաբանությանը: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։
Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը բազմիցս հղում է արել։
Համակարծիք ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ ռուսական կողմի բազմիցս հնչեցրած մեկնաբանության հետ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև տարբեր երկրների դատական պրակտիկայում։
Խստորեն հորդորում ենք միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ։
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն