Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները ուրբաթ կլինեն Կոռնիձորում

Հուլիս 27,2023 21:21

Ղարաբաղում  հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը քիչ առաջ Տեղ համայնքում լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես նշեց, որ վաղը նախատեսվում է Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների այցը Կոռնիձոր՝ ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

Վարդան Սարգսյանի խոսքով՝  արդեն իսկ կա միջազգային արձագանք տարբեր կողմերից, մասնավորապես, Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:

«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, եւ բեռների ու բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար որեւէ խոչընդոտ չկա՝ ի ցույց աշխարհի փաստը մնում է այն, որ բեռնատարները կանգնած են, եւ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված ԼՂ բնակչությանը որեւէ կերպ չի կարողանում հասնել շարասյան մեջ գտնվող հումանիտար բեռը»,- ասաց նա։

Վարդան Սարգսյանի խոսքով, հայկական կողմն,  ըստ սահմանված կարգի կապ է հաստատել ռուս խաղաղապահների հետ, համապատասխան խողովակներով նաեւ Ադրբեջանի հետ, ուղեբեռի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է, որպեսզի բացառվեն  հնարավոր մանիպուլյացիաները։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից՝ ժամը 18.30-ից շաքարավազով, ալյուրով, աղով, կաթի փոշիով, մանկական սննդով, մակարոնեղենով եւ դեղորայքով բեռնված Արցախ  հումանիտար օգնություն տանող բեռնատարները դեռ կանգնած են Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի տարածքում։ Ըստ Վարդան Սարգսյանի՝ իրավիճակը չի փոխվել․դեռ սպասում են ռուսական կողմի արձագանքին, որպեսզի հումանիտար օգնությունը հասցվի Արցախ։


Հիշեցնենք, որ այսօր՝ Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ Ադրբեջանի այն հայտարարություններին, որ հումանիտար օգնությունը Արցախ հասցնելը, Հայաստանի հերթական «սադրանքն» է։

«Այսինքն՝ ըստ իրենց մարդկանց շրջափակման մեջ պահելը սադրա՞նք չէ, մարդկանց գազը, էլեկտրաէներգիան անջատելը, արտաքին աշխարհի հետ կապը կտրելը սադրա՞նք չէ, բայց նրանց ձեթ, ալյուր, առաջնային դեղորայք, երեխայի կեր հասցնելը սադրա՞նք է: Սադրանքը մարդկանց ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնելն է, սադրանքն էթնիկ զտումն է, սադրանքը սովի մատնված հազարավոր մարդկանց ասելն է,  թե «ձեր խաղն ավարտված է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31