Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիագրագիտության եւ կիբեռանվտանգության լոռեցի երիտասարդ դեսպանները դժվարությամբ են գեղարվեստորեն շարադրում իրենց մտքերը

Հուլիս 27,2023 20:44

«Թվային միջավայրում պաշտպանված եւ մեդիագրագետ ուսանող» մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր Լոռու մարզկենտրոնի բուհերում սովորող երիտասարդների համար» 4-ամսյա նախագծի ընթացքում 100 երիտասարդ դարձան  մեդիագրագետ։ Վանաձորի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի, Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու  մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբեռգրագիտության ուղղությամբ կարողությունների զարգացման մեկօրյա դասընթացներին։

Ֆորմալ եւ ոչ ֆորմալ մեթոդների, ինտերակտիվ մեդիա խաղերի համադրմամբ  լոռեցի երիտասարդները հաղորդակից դարձան  համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորեցին  քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգելու փաստերը՝  չտարածելով կեղծ լուրեր, պաշտպանելու անձնական տվյալները՝ չդառնալով տարատեսակ կիբեռհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:  Սա ծրագրի առաջին փուլն էր։ Երկրորդ փուլում ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու  «Մեդիան եւ մենք. անվատանգ թվային միջավայր» խորագրով ստեղծագործական շարադրությունների եւ գեղարվեստական նկարների մրցույթին։

Նախագիծը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում իրականացրել է  «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Վերջինիս  նախագահ Նազելի Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում ափսոսանքով նշեց, որ  ուսանողները չեն կարողացել գեղարվեստորեն արտահայտել իրենց մտքերը մրցույթի թեմայի վերաբերյալ եւ գրել մրցունակ շարադրություններ:

«Առհասարակ ներկայացված շարադրությունները մրցութային թեմային ոչ լիարժեք համապատասխանելուց բացի, մեղմ ասած, գնահատման ենթակա չէին, աչքի էին ընկնում ոճական, ուղղագրական, կետադրական բազմաթիվ սխալներով: Կային նաեւ արտատպումներ համացանցից, որոնք մեր մրցութային հանձնաժողովը հեշտությամբ հայտնաբերել է՝ համարելով անվավեր»,-նշեց տիկին Ավագյանը:

Ըստ տիկին Ավագյանի այս հարցում  բոլորն են մեղավոր։ «Կարծում եմ թե՛ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, թե՛ դպրոցներն ու բուհերը, թե՛ կրթության ոլորտի հետ համագործակցող ՀԿ-ներն ու անհատները, լուրջ անելիք ունենք, երիտասարդների ստեղծագործական երեւեկայությունը զարգացնելու եւ միտքը, խոսքը հայերեն լեզվով գրագետ արտահայտելու ունակությունները զարգացնելու նպատակով»,-ասաց  Նազելի Ավագյանը։         Նախագծի ավարտը նշանավորվեց «Մեդիամարտ» միջբուհական ինտելեկտուալ խաղ-մրցույթով (brain-ring), որին մասնակցում էին դասընթացներին մասնակցած ուսանողներից կազմավորված թիմեր:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31