Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է՝ Ճանաչում հանուն փրկության սկզբունքի հիման վրա»

Հուլիս 27,2023 20:30

Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել:

Նստաշրջանը բացել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված ուղերձի քննարկումն էր: Այն ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

Անդրադառնալով պատմական իրողություններին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների չկատարմանը, ահազանգելով  Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության բնակչությանը սպառնացնող վտանգների մասին, հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչման խնդրանքով:

«Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության  ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.

 – Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա»,-ասված է ուղերձում :

Ուղերձի ներկայացումից հետո հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արևիկ Պետրոսյանը և Դավիթ Գալստյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրել է, որ ուղերձի նախագիծը  քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և  առաջարկեց այն ընդունել վերջնական որոշման տեսքով:

Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին, որոշումն ընդունվեց:

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31