Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ մտքից սարսափում են»

Հուլիս 27,2023 20:10

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսելով Արցախի հակամարտության կարգավորման այլընտրանքային հնարավորության մասին՝ ասաց. «Երկու օր առաջ Մոսկվայում եռակողմ բանակցություններից հետո, երբ Լավրովը պատրաստվում էր ասուլիսին, չորրորդ դեպարտամենտի ղեկավարը մոտենում է Լավրովին եւ ինչ-որ բան է հուշում: Բայց այն, ինչ հուշում է, լսվում է: Եվ լրատվամիջոցները դա վերցնում են: Դա տելեգրամային ալիքներում, մամուլում հրապարակվեց: Չորրորդ դեպարտամենտի ղեկավարը Լավրովին ասում է՝ մի խոսիր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասին, որովհետեւ ադրբեջանցիք դրանից նեղանում են, ջղայնանում են, դեմ են:

Գիտե՞ք, ադրբեջանցիք ոչ թե այդ թեմայի բարձրացումից նեղանում, ջղայնանում, դեմ են, այլ, հավատացեք, սարսափում են:Երբ ես այս թեման բարձրացրեցի, ասացի՝ գիտեմ ինչ եմ ասում: Արեք, բարձրացրեք այդ թեման: Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն, պնդեն, որ այդ թեման լինի բանակցային օրակարգում: Ադրբեջանն իսկապես այդ մտքից սարսափում է, որովհետեւ դա Ադրբեջանին դնում է լրջագույն դիլեմայի՝ երկընտրանքի առաջ: Նա եթե ընդունի, որ դա մտնի օրակարգ, փաստորեն ԼՂԻՄ-ի սահմաններում, որտեղ մտնում են նաեւ Շուշին ու Հադրութը, ինքնաբերաբար այդ հարցերը գալիս են օրակարգ: Դրանից Ադրբեջանը սարսափում է: Ադրբեջանը գիտի, որ եթե այդ հարցը մտավ օրակարգ, բանակցությունների ամբողջ տրամաբանությունը, փիլիսոփայությունը, նարատիվը փոխվելու է, գլխիվայր է փոխվելու: Այսքան բանից հետո, որ Փաշինյանը ասել, համաձայնել է, հանկարծ հօդս են ցնդում եւ գալիս են շատ ավելի ռեալ խնդիրներ: Ադրբեջանը դրան կատաղի դեմ է լինելու: Նախօրեք ասում եմ: Բայց դիլեման դա է: Նա չի էլ կարող մերժել: Եթե կողմ է լինում, Շուշին, Հադրութը գալիս, մտնում են օրակարգ: Իսկ եթե դեմ է լինում, հօդս է ցնդում նրա՝ անկլավների ամբողջ պահանջը: Եվ անկլավները, եւ ԼՂԻՄ-ը սովետական շրջանի ժառանգություն են: Ո՞նց կարող ես ընտրովի մի հարցը բերես ու մյուսին դեմ լինես: Դիլեմայի մյուս կարեւոր մասն այն է, եթե ինքը դեմ է լինում: Իրենք շատ լավ գիտեն միջազգային օրենքը: Եթե դու դեմ ես լինում մի ժողովրդի, որը միջազգային իրավունքի շրջանակներում ճանաչվում է որպես ժողովուրդ, որովհետեւ արցախցիք էթնիկապես եւ ամեն ինչով տարբերվում են միջազգային տերմինաբանությամբ, այսպես կոչված մայր երկրի բնակչությունից, ժողովրդից, բացում ես դռները արտաքին ինքնորոշման համար: Միջազգային օրենքում սա միանշանակ է, այլ կարծիք գոյություն չունի:

Եթե դու ժողովուրդ ես, կոմպակտ ապրում ես քո տարածքի վրա, քո նկատմամբ եղել են ոտնձգություններ եւ «մայր երկիրը» նույնիսկ մերժում է քո ներքին ինքնորոշումը, դու միանշանակորեն իրավունք ունես արդեն արտաքին ինքնորոշման: Հայաստանը պետք է այս հարցը դնի օրակարգ ու դա պետք է անի հրապարակային: Եվ այս հարցի քննարկումն անգամ իր ազդեցությունն ունենալու է եւ Ադրբեջանին դնելու է այս դիլեմայի առաջ: Սա իրական այլընտրանք է նրան, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասաց նախկին արտգործնախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31