Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ են հրատապ քայլեր՝ երեխաների համար ապահով միջավայր ստեղծելու ուղղությամբ

Հուլիս 27,2023 19:50

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 27-ին, անցկացվել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ կատարած այցերի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Առողջապահության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից, Երևանի քաղաքապետարանից, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմից, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից, Կրթության տեսչական մարմնից և Քաղաքաշինության կոմիտեից:

Հանդիպման կազմակերպման համար հիմք են հանդիսացել Պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից հոգեկան առողջության կենտրոն և մանկապարտեզ իրականացված չհայտարարված այցերը, որոնց ժամանակ արձանագրվել են խնդիրներ, մասնավորապես կապված հոգեկան առողջության կենտրոնի և մանկապարտեզի մեկ վայրում տեղակայված լինելու անհամատեղելիության հետ:

Պաշտպանը՝ ողջունելով հյուրերին, կարևորել է հանդիպման անցկացումը, քանի որ ինչպես երեխաների, այնպես էլ խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց պահանջում է հրատապ լուծում:

«Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մենք դեռևս մայիսին էինք այցելել «Ձորակ» կենտրոն։ Հունիսին ևս երկու չհայտարարված այց ենք իրականացրել: Տարբեր բնույթի խնդիրներ ենք արձանագրել, որոնք լուծման առաջարկներով ուղարկվել են պետական իրավասու կառույցներ։ Ցանկանում եմ արձանագրել, որ մանկապարտեզի և խնամքի կենտրոնի գտնվելը նույն վայրում անհամատեղելի է։ Խնդիրների լուծման տարբերակներ գտնելու համար անհրաժեշտ է համագործակցության մշակույթի ձևավորում»,- նշել է Պաշտպանը:

Միևնույն ժամանակ Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Քննարկման շրջանակներում կարևորվել է ինչպես խնամքի կենտրոնի և մանկապարտեզի շահառուների, այնպես էլ հարակից տների բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է անվտանգային միջավայրի ապահովման կարևորությունը՝ բացառելով կողմերից որևէ մեկի իրավունքի խախտումը:

Քննարկման ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մասնակցության համար և նշել, որ հանդիպման շրջանակում բարձրաձայնված կարծիքները կուսումնասիրվեն և կքննարկվեն համապատասխան պետական մարմինների հետ:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31