Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորքային հորը կառուցվել է իմ միջոցներով». Սարուխանի նախկին գյուղապետ

Հուլիս 27,2023 19:35

«Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Այո, ծրագիր եղել է, որ կառուցենք, բայց դա չի իրականացվել եւ ես դա արել եմ իմ միջոցներով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավար Լյովա Աբրահամյանն՝ արձագանքելով մեր հրապարակմանը:

Ըստ հրապարակման, ԱԱԾ-ում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր պաշտոնավարման ընթացքում Լյովա Աբրահամյանը  չարաշահել է պաշտոնեական դիրքը: Մասնավորաբար, կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005 թ.-ին, Սարուխան բնակավայրում համայնքային կամ պետական այլ միջոցներով կառուցված ոռոգման ջրի խորքային հորը տնօրինում է Սարուխան բնակավայրի վարչական ղեկավար` Լյովա Աբրահամյանը, որից հանված ջուրը նա տրամադրում է ազգաբնակչությանը` ամսեկան վարձավճարներով, ցանքատարածքները ջրելու համար:

Լյովա Աբրահամյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ կան մարդիկ՝ ովքեր ժամանակին աշխատել են խորքային հորի շինարարության վրա եւ կարող են փաստել, որ աշխատանքները կատարվել են իր  միջոցների եւ իր մտերիմների նվիրատվությունների հաշվին:

«Ես նախաձեռնել էի խորքային հորը ինչ-որ մի ծրագրով կառուցել, բայց այդ ծրագիրը կյանքի չկոչվեց: Ես էլ, որ մտել էի այդ գործի մեջ, որոշեցի մինչեւ վերջ գնալ: Կան գյուղից կենդանի մարդիկ, ովքեր աջակցել են այդ աշխատանքներին եւ կարող են վկայություններ տալ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ համայնքում տարբեր միջազգային ծրագրերով կան կատարված աշխատանքներ՝ դպրոցի, մանկապարտեզի վերանորոգում, խաղահրապարակների կառուցում, այդ թվում նաեւ խորքային հոր կա կառուցված, բայց խնդրո առարկա խորքային հորը կապ չունի դրանց հետ:

Չի հերքում, որ իր պաշտոնավարման ընթացքում թերացումներ եւ բացթողումներ եղել են, բայց համայնքային կամ պետական միջոցների յուրացումներով չի զբաղվել: Իսկ իր դեմ ներկայացված հաղորդումն էլ որակում է չարակամություն եւ բանսարկություն, ինչը «ձեւավորված տխուր ավանդույթ» է և ավելացրեց, որ  նույն այդ չարակամներն իրենք ահռելի պետական ու համայնքային յուրացումներ են կատարել,ինչը շատ հեշտ է պարզել։

Լյովա Աբրահամյանը փոխանցեց նաեւ, որ տվյալ գործի շրջանակներում ինքը քննչական որեւէ մարմին չի կանչվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31