Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հուլիսի 27-ին՝ Կոռնիձորում, լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց, որ հույս որ կհաջողվի հումանիտար օգնությունը փոխանցել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին, որն էլ այն կտեղափոխի Լեռնային Ղարաբաղ: Ըստ Մարուքյանի՝ Հայաստանը հատուկ հայտարարել է, որ մարդասիրական բեռնատարները չեն պատրաստվում Հակարիի կամուրջին մոտենալ, այլ կհասնեն ՀՀ պետական սահմանին մոտ տարածք եւ բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին։ Հիշեցնենք, որ երեկվանից՝ հուլիս 26-ից, 19 բեռնատար կանգնած են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի տարածքում։
«Սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է: Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է»,-ասաց Մարուքյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությունը, որով «սադրանք» էր որակվել ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու Հայաստանի նախաձեռնությունը, Մարուքյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ դա սովամահությունից մարդկանց փրկելու փորձ է: «Այսինքն՝ ըստ իրենց մարդկանց շրջափակման մեջ պահելը սադրա՞նք չէ, մարդկանց գազը, էլեկտրաէներգիան անջատելը, արտաքին աշխարհի հետ կապը կտրելը սադրա՞նք չէ, բայց նրանց ձեթ, ալյուր, առաջնային դեղորայք, երեխայի կեր հասցնելը սադրա՞նք է: Սադրանքը մարդկանց ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնելն է, սադրանքն էթնիկ զտումն է, սադրանքը սովի մատնված հազարավոր մարդկանց ասելն է, թե «ձեր խաղն ավարտված է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Կարդացեք նաև
Ի դեպ, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի թվիթերյան գրառմանը, թե՝ «միջազգային հանրությունը Ղարաբաղի հայությանը պետք է ուղերձ հղի Ադրբեջանին վերաինտեգրվելու կապակցությամբ, այլ ճանապարհ չկա, խաղն ավարտված է», Մարուքյանը նախ նշեց, որ դա առաջին հերթին դիվանագետի հայտարարություն չէ․ «Եթե 100 հազարավոր մարդու կյանքը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող նրանք դիտարկեն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է․ ինտեգրման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը՝ Մարուքյանն ասաց, որ Ադրբեջանը հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսել ու բանակցել դրա շուրջ: «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կորոշեն, թե իրենք ինչ են ուզում: Միջազգային մեխանիզմի ներքո իրավունքների եւ անվտանգության երաշխիքի հարցը պետք է Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրվի։ Գնացեք, բանակցեք: Թվիթերում չեն բանակցում»,-իր խոսքը եզրափակեց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Նշենք, որ մինչեւ այս պահը իրավիճակը անորոշ է, ռուսները դեռ չեն արձագանքել, իսկ շաքարավազով, ալյուրով, աղով, կաթի փոշիով, մանկական սննդով, մակարոնեղենով եւ դեղորայքով բեռնված բեռնատարները դեռ կանգնած են ։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ