Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Այ, սա է բերելու պատերազմի, ոչ թե այլընտրանք առաջարկելը»

Հուլիս 27,2023 17:50

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՖԲ ուղիղ եթերում հայտարարել է. «Ես շարունակում եմ խոսել հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա գործընթացին այլընտրանքի գոյության մասին: Ես ուզում եմ՝ մեր ժողովուրդը իմանա, որ առանց պատերազմ հրահրելու այսօր գոյություն ունի լրջագույն այլընտրանք նրան, ինչ արվում է այսօր Հայաստանի իշխանությունների կողմից: Ընդհակառակը, այն, ինչ արվում է այսօր Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի: Ես իմ նախորդ ձայնագրությունում ասել եմ, որ դա անիրատեսական է: Այն լուծումը, որ այսօր սեղանի վրա կա եւ օրեցօր ամրագրվում է ամեն մի հանդիպմամբ, ամեն մի մամուլի ասուլիսով, դա անիրատեսական է: Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ: Ուղղակի գոյություն չի ունենալու: Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա: 85-ից 100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում: Սրանք լրջագույն խնդիրներ են:

Փաստորեն, Արցախը իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ: Իսկ 100 հազար ադրբեջանցիները որ գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ հավանաբար, լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանը իրենց մեջ:

Սա բոլորովին այլ խնդիր է: Այս երկարատեւ հակամարտությունից, դեռեւս չլուծված խնդիրներից, 44-օրյա պատերազմից հետո գնալ ինչ-որ հապճեպ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու: Դրա համար ես պնդում եմ, որ այն, ինչ այսօր Հայաստանի իշխանություններն անում են, իրատեսական չէ եւ կարող է պատերազմի բերել: Ադրբեջանը չի համբերելու, որովհետեւ դու խոստացել ես արդեն, հայտարարել ես: Այ, սա է բերելու պատերազմի, ոչ թե այլընտրանք առաջարկելը: 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը նաեւ սա էր:

Դուք անիրատեսական ակնկալություններ առաջացրեցիք հակառակորդի մոտ: Իսկ երբ որ դա ուշացավ, տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի: Եվ այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել, որովհետեւ դու այդ մասին անընդհատ խոսում ես ամեն մի ասուլիսում ամեն մի հանդիպմանը: Դրա համար եմ ես ասում. խնդրում եմ, մի քիչ լռեք, իսկապես լռեք: Այլընտրանքներ կան:

Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը իմանա այդ այլընտրանքների մասին: Ես խոսել եմ, բայց ուզում եմ այդ թեման շարունակել: Հավատացեք, առանց պատերազմ հրահրելու, ընդհակառակը, պատերազմը բացառելով, մենք այսօր հնարավորություն ունենք այն, ինչ որ նկարագրեցի, հանել սեղանից, փոխել բանակցությունների տրամաբանությունը, փիլիսոփայությունը, նարատիվը: Դա հնարավոր է անել»,-ասաց Վարդան Օսկանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31