Ստեփանավան քաղաքում, առանց որեւէ օրինական հիմքի, կասեցվել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը. այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Ստեփանավանում նախաձեռնության աշխատանքները համակարգող Մենուա Սողոմոնյանը:
«14.35 րոպե է, քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով որ պետք է լինի այստեղ եւ մասնակցի ստորագրահավաքին, որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ, նրան հրահանգել են, որ չգա»,- հայտարարեց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ նա իր աշխատասենյակում է:
Ըստ Մենուա Սողոմոնյանի, նման բան է տեղի ունեցել, քանի որ նախաձեռնության համակիր ինչ-որ անձնավորություն, որին ինքը ճանաչում է, քաղաքապետարանի շենքում, իբրեւ մարդկանց ուղղորդել է, որպեսզի մասնակցեն ստորագրահավաքին. «Դրա արդյունքում, համայնքի ղեկավարը հրահանգել է մեր աշխատակցին՝ Հասմիկ Կոստանդյանին, որպեսզի նա դուրս գա: Հասմիկ Կոստանդյանը կապ է հաստատել ինձ հետ, ես ասել եմ, որ դուրս չգա, այդ պահանջը որեւէ օրինական հիմք չունի, Հասմիկ Կոստանդյանը որեւէ հակաօրինական քայլ չի կատարել, հետեւապես տարածքը լքելու հիմք չկա»:
Մենուա Սողոմոնյանը փորձել է կապ հաստատել համայնքի ղեկավարի եւ նրա տեղակալի հետ, վերջիններս տեղում չեն: Այս պահին քաղաքացիները չեն կարողանում ստորագրել, քանի որ քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղում չէ:
Կարդացեք նաև
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության կենտրոնական շտաբը դիմել է ՄԻՊ-ին եւ ԿԸՀ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ