Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսին կրկնակի դանդաղել է նախորդ ամսվա համեմատ

Հուլիս 27,2023 15:47

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության 2023թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպես՝
2023թ. սկզբի տնտեսական ակտիվության բարձր տեմպը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա արտաքին շոկերի դրական ազդեցությունների պահպանման պայմաններում 2023թ․ սկզբից ՀՀ տնտեսական ակտիվության տեմպը բավական բարձր է եղել, սակայն հունիսին զգալիորեն դանդաղել է բազայի էֆեկտի ազդեցությամբ (կազմելով 6.8%՝ նախորդ ամսվա 13.6%-ի համեմատ): Նախորդ տարի արտաքին շոկի դրական տնտեսական հետևանքները սկսել են արտացոլվել մայիս-հունիս ամիսներից, և հետևաբար 2023թ. հունիսի հետ համեմատվող ժամանակահատվածի՝ նախորդ տարվա հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ պարունակում է դրական զարգացումները: Սա նշանակում է, որ 2023թ․ լրացուցիչ դրական զարգացումներ տնտեսությունում չեն նկատվում, և տնտեսական աճի բարձր տեմպերը հետագայում կշարունակեն դանդաղել, քանի որ համեմատվող ժամանակահատվածներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ կընդգրկվեն նախորդ տարվա բարձր աճի ամիսները։

Բավական մտահոգիչ են արդյունաբերության ոլորտի զարգացումները: Արդյունաբերության ոլորտում մայիսի համեստ աճից հետո հունիսին գրանցվել է շուրջ 7.4% անկում, որը նույնպես կարող է պայմանավորված լինել բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունիսին գրանցվել էր էական աճ՝ շուրջ 19.2%։ Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսների տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%, որը բավական ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով տնտեսության ընդհանուր աճի տեմպը և արդյունաբերության կարևորությունը՝ որպես արտահանելի ճյուղ: Արդյունաբերության կշռի նվազումը տնտեսությունում նշանակում է ՀՀ տնտեսական պոտենցիալի նվազում, ինչը բացասաբար կանդրադառնա երկարաժամկետ տնտեսական աճի վրա:

Արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Արտահանման աճի տեմպը հունիսին նախորդ ամսվա աճի տեմպի համեմատ դանդաղել է շուրջ 62.5 տոկոսային կետով և կազմել է 2.5%: Ընդ որում, նախորդ տարվա հունիսին աճի արագացումը կազմել էր 35.9 տոկոսային կետ։ Այսինքն՝ աճի դանդաղումը գերազանցում է բազայի էֆեկտի չափը, ինչը մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ աճի դանդաղումը պայմանավորված է ոչ միայն այդ գործոնով, այլ կան նաև ուրիշ՝ արտահանման վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններ։ Դրանց մասին առավել մանրամասն հնարավոր կլինի պատկերացում կազմել հաջորդ ամիս, երբ հասանելի կլինեն արտահանման կառուցվածքի վերաբերյալ ցուցանիշները:

Հունիսին գնաճը մտել է բացասական տիրույթ: Երկար ժամանակահատվածի բարձր գնաճից հետո, հունիսից արձանագրվել է գնանկում: Գնաճի տեմպի դանդաղումը չափազանց արագ է տեղի ունենում, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ տնտեսության համար: Ընդհանրապես գնանկումը դրական երևույթ չէ, և կենտրոնական բանկերը հիմնականում խուսափում են գնանկումային տիրույթ մտնելուց: Սակայն, ՀՀ ԿԲ-ն բավական ագրեսիվ քաղաքականություն իրականացրեց գնաճը զսպելու համար, ինչը նաև նպաստել է ներկայումս նման պատկերի արձանագրմանը: Հաշվի առնելով նաև բարձր տնտեսական աճի առկայությունը` ԿԲ-ն դժվար թե արագ նվազեցնի տոկոսադրույքը: Գների նվազումը կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին:

Պետական բյուջեի կատարումը և կապիտալ ծախսերի կատարողականը շարունակում են խնդրահարույց մնալ։ 2022թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի կատարողականն էականորեն շեղվել է պլանավորվածից, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 134.7 մլրդ դրամի չափով հավելուրդ՝ պլանավորված 93 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն: Հավելուրդի նման մեծ չափերի արձանագրման պատճառներից է նաև կապիտալ ծախսերի էական թերակատարումը: Այսպես, թեև կապիտալ ծախսերը որոշակիորեն աճել են նախորդ տարվա համեմատ, դրանք թերակատարվել են շուրջ 46.7%-ով (շուրջ 100.4 մլրդ դրամով): Ընդ որում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերի թերակատարումը պլանի համեմատ կազմել էր 30.5%, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել կատարողականի էական վատթարացում:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31