«Արմենպրեսի» մամուլի սրահում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով 2023թ. երկրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ, նշեց, որ այս եռամսյակում, ինչպես եւ նախորդում, չեն եղել ֆիզիակական բռնություններ՝ ընդդեմ լրագրողների, ինչն ուրախացնող փաստ է: Փոխարենը երկրորդ եռամսյակում արձանագրվել են 18 տարատեսակ ճնշումներ՝ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ:
Աշոտ Մելիքյանի խոսքով. «Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 24-ն են, որոշակի առումով թիվը պակասել է, բայց խնդիրը դեռեւս սուր է: Առհասարակ երկրորդ եռամսյակն աչքի ընկավ նրանով, որ հենց սկզբից դատական հայցերի մեծ հոսք նկատվեց, ինչը մտահոգիչ էր նաեւ այն առումով, որ դատական գործերի մեծամասնությունը գալիս էր քաղաքական ուժի ներկայացուցիչների կամ պաշտոնյաների կողմից:
Արձանագրված 16 գործերից, ինչը 2 անգամ ավելի շատ է, քան առաջին եռամսյակում, 11-ը իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից ներկայացված դատական հայցեր են, 5-ը՝ գործարար շրջանակներից են:
Որպես կանոն անտեսվում են արտադատական լուծումները, մասնավորապես, խմբագրություն դիմելը եւ հերքման, պատասխանի իրավունքից օգտվելը, էլ չեմ ասում ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմին, Տեղեկատվական վեճերի խորհուրդ դիմելը»:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանի ձեւակերպմամբ՝ հայցվորները հիմնականում փորձում են հաշիվ մաքրել լրագրողների կամ լրատվամիջոցների հետ, ճնշել նրանց. «Ամենացցուն օրինակը Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ 168 ժամի եւ լրագրող Դավիթ Սարգսյանի գործն է, որտեղ հայցվորը ոչ միայն օրենքով նախատեսված ամենաբարձր դրամական փոխհատուցման շեմից էր օգտվել: Նաեւ միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որպեսզի այդ հայցագնի չափով կալանք կիրառվի պատասխանողների գույքի եւ բանկային հաշիվների վրա»:
Հղում անելով միջազգային նորմերին եւ ՀՀ օրենսդրությանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց, որ արգելանք կարելի է դնել միայն այն դեպքում, եթե համոզմունք կա, որ չդնելու պարագայում հնարավոր չէ կատարել դատական ակտը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ