«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգն արդեն հասանելի է e-draft հարթակում: Այն հասցրել է կրքեր բորբոքել: Ի՞նչ ուսումնասիրություններ են հանգեցրել այս գաղափարին: Բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը: Ուսանողական ո՞ր ռեսուրսով են պատրաստվում «բնակեցնել» ակադեմիական քաղաքի բուհերը: Բուհերի մրցունակությունը բարձրացնելու ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան, որոնք կաշխատեն բացառապես ակադեմիական քաղաքի կառուցումից հետո և որոնք չեն աշխատում գործող առանձին բուհերում: Այս եւ այլ խնդիրները քննարկվեցին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի շրջանակում:
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն ասաց, որ Ակադեմիական քաղաքի գաղափարը ներդրվել եւ իր արտացոլումն է գտել Կրթության զարգացման 2020-30թթ պետական ծրագրում: Այդ ուղղությամբ նախորդ տարի ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որի նպատակներից մեկն էր վերլուծությունների հիման վրա նախանշել ուղղություններ, ներկայացնել առաջարկություններ՝ ակադեմիական քաղաք խոշորացվող բուհերի տեղափոխման վերաբերյալ: Նրա խոսքով. «Աշխատանքային խումբը հիմնվել է տարբեր ուսումնասիրությունների վրա, հատկապես հաշվի է առնվել փաստացի առկա իրավիճակը, բուհերի կարողությունները եւ այլն»:
Լրագրողի հարցերին ի պատասխան՝ Լուսինե Գրիգորյանը նորից նշեց, որ ուսումնասիրությունների հիման վրա է հայեցակարգը ձեւավորվել, դրա համար հիմք է հանդիսացել ներկա իրավիճակը: Նրա փաստական հիմքերը հիմնականում չներկայացրեց: Ընդամենն ասաց, որ մեր հանրապետությունում գործում է 16 պետական, 50-ից ավել մասնավոր բուհ, ունենք 80 հազար ուսանող եւ մեծաթիվ պրոֆեսորադասախոսական կազմ:
«Արձանագրվել է կրթության որակի անկում, մեր բուհերը որեւէ տեղ չեն զբաղեցնում միջազգային վարկանիշավորման աղյուսակներում, լիցենզավորման, հավատարմագրման պայմաններն այս պահին չեն բավարարում միջազգային չափանիշներին: Այդ խնդիրները հաշվի առնելով՝ նախանշել ենք զարգացման ուղղությունները: Դրանցից մեկը նոր միջավայրի, նոր ենթակառուցվածքների ձեւավորումն է՝ ի դեմս ակադեմիական քաղաքի»,-հավելեց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:
Կարդացեք նաև
Հարցին, որ փորձագետները բարձրացնում են ակադեմիական ազնվության, գրագողության, բուհերի կրթության որակի խնդիրը, ակադեմիական քաղաքն ինչպե՞ս է լուծելու այս խնդիրները, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Ոչ մի քաղաք այդ խնդիրները չի լուծի»: Ապա հավելեց. «Կային վաղուցվանից գործող գործընթացներ, դա բուհերի խոշորացումն էր, գիտական կազմակերպությունների բարեփոխումների ծրագիրը, միավորումներ, հետազոտական համալսարանի կառուցում, որից տասնամյակներ են խոսում եւ կրթության որակի անկում: Այս մասին մանրամասն վերլուծություն կա մինչեւ 2030թ ռազմավարության մեջ: Այսինքն՝ խնդիր ունենք եւ գիտության, եւ կրթության բարեփոխումների, գիտություն ու կրթություն մերձեցնելու:
Անկախ ակադեմիական քաղաքից՝ այդ գործընթացն ընթանում էր: Ակադեմիական քաղաք նախագիծը գալիս է ասելու, որ այդ խոշորացված ու միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար պետք է ստեղծենք ժամանակակից ենթակառուցվածքներ: Ակադեմիական քաղաք ծրագիրը հետեւանքն է այն բովանդակային բարեփոխումների, որոնք նախատեսում են իրականացնել: Ակադեմիական քաղաքում բնակվելու են բարեփոխված բուհերը եւ գիտական կազմակերպությունները: Ակադեմիական քաղաքի բնակիչներին մենք պետք է այսօրվանից պատրաստենք, որովհետեւ դրանք այս պահին գործող ոչ բոլոր աշխատողներն են»:
«Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանի խոսքով, «Գիտուժ» նախաձեռնությունը խորքային պատկերացումներ ունի գիտության զարգացման տեսլականի առնչությամբ, եւ թե այն ուղղությամբ՝ գիտությունն ինչպե՞ս պետք է ծառայի Հայաստանի ուժեղացմանը եւ խնդիրների լուծմանը: «Գիտուժը» երբեք չի ասում դեմ է, թե կողմ նախագծին, նախաձեռնությունը լուրջ հարցեր է տալիս նախագծին վերաբերող, որոնց պատասխանները ամենաբարձր հատվածից մինչեւ ամենաներքեւի հատված չենք ստանում»:
Նա ներկայացրեց նախաձեռնությանը հուզող հարցերը. «Որտեղից է եկել այդ մոտեցումը, որ Հայաստանում գիտության կամ կրթության հարցերը կարելի է լուծել մեկ նախագծի միջոցով եւ նման անգրագետ ձեւով դա կազմակերպելով… Երբ լսում եմ ակադեմիական քաղաքի մասին ցանկացած քննարկում կամ կարդում եմ ցանկացած փաստաթուղթ, որը առկա է, այդտեղ խոսում են միայն կրթության մասին: Հիմա տիկին Գրիգորյանն ու պարոն Մովսիսյանն էլ միայն կրթության մասին խոսեցին: Մենք մեծ հարցականով ենք նայում, թե ակադեմիական քաղաքը անգամ կրթության հարցը կարո՞ղ է լուծել, բայց մենք համոզված ենք, որ այսպես գիտության հարցը հաստատ չի լուծվելու»:
Հիշեցնենք, որ «Գիտուժը» վերջերս ահազանգել էր ՀՀ գիտական ինստիտուտների և դեռևս մնացած գիտական ներուժի վրա ծառացած վտանգի մասին, բարձրաձայնել «Ակադեմիական քաղաք» նախագծի և գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումների վերաբերյալ իր լրջագույն մտահոգությունները ու այն հիմնավոր հարցերը, որոնց պատկան մարմինները պարտավոր են պատասխանել՝ մինչև ցանկացած գործընթաց մեկնարկելը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութն՝ ավելի ուշ:
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի