Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր արցախցին իմ ապագայի համար է պայքարում, սա մեր լինելիության հարցն է»․ «Կանայք հանուն Արցախի» հացադուլը շարունակվում է

Հուլիս 27,2023 13:55

«Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակական բնույթ է կրում։ Այսօր մեկօրյա հացադուլին միացել են եւս երեք կանայք՝ ուղերձ հղելով հանրությանը, որ չպետք է անտարբեր լինել Արցախում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։

Հացադուլ հայտարարած կանանցից Ստելլա Ավագյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ իր քայլով ուզում է առաջին հերթին մարդկանց զգոնությունը բարձրացնել, քանի որ Արցախում ճգնաժամային օրեր են սկսվել։ «Եթե այսպես շարունակվի, մենք վատ իրադարձությունների պետք է պատրաստվենք, կոնկրետ ֆիզիկական կորուստների։ Իմ այս քայլով ուզում եմ կոչ անել, որ մարդիկ իրենց մի քիչ նեղություն տան, փորձեն հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, որովհետեւ շատերը փորձում են անջատվել իրականությունից, ապրումակցում չկա մեր հայրենակիցների հանդեպ։ Մարդիկ անջատվել են այս իրականությունից ու ասում են՝ մեզ մի անհանգստացրեք, թողեք մենք մեր կյանքով ապրենք, ոչինչ չենք ուզում լսել։ Ես կոչ եմ անում, որ մարդիկ վերջապես հասկանան՝ սա մեր լինելիության հարցն է, պետք է համախմբվել ու հասկանալ ինչ անել, որովհետեւ եթե այսպես շարունակվի, մենք բացի տարածքային կորուստից, նաեւ կունենանք մարդկային կյանքների կորուստ։ Ես վստահ եմ, որ իմ երեխաները պատմական այս իրավիճակն ուսումնասիրելիս ասելու են՝ լավ, բա դուք ո՞ւր էիք։ Ես այդ հարցի պատասխանից ելնելով՝ այս քայլին եմ դիմում, որովհետեւ չեմ ուզում մաս կազմել այն անտարբեր զանգվածի, որը միայն առօրյա կենցաղային կարիքները հոգալու մասին է մտածում»,- ասաց Ստելլան։

Նա նշեց, որ շատ հնարավոր է, որ, ապրելով Երեւանում, վաղը բոլորս հայտնվենք այն վիճակում, որում այսօր արցախցիներն են։ «Ես տեսնում եմ, որ այսօր արցախցին իմ ապագայի համար է պայքարում։ Այսինքն՝ այն, ինչի միջով նա անցնում է, նույնը կարող է մեզ հետ լինել։ Ես մի բան են նկատել, մինչեւ այս մարտահրավերը չհայտնվի յուրաքանչյուրի դռանը, մարդիկ իրենց տեղից չեն շարժվի։ Բայց եկեք թույլ չտանք, որ իրավիճակը հասնի դրան։ Ես հույս ու ցանկություն ունեմ, որ համախմբում կլինի, եւ վերջապես մեր ազգը ժողովրդի մակարդակից կդառնա ազգ ու կհասկանանք՝ այս ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում եւ ինչպե՞ս ենք իներցիայով անդունդը գլորվում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31