Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել. Արցախից բռնի տեղահանվածների հայտարարությունը

Հուլիս 27,2023 13:34

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված և փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններս, մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում՝ հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերի կապակցությամբ։

ՌԴ ԱԳ նախարարը հավասարության նշան է դնում Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, Արցախի Հանրապետության ցեղասպանությունից փրկված հայ փախստականների և ժողովուրդների սեգրեգացիայի հետևանքով Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիների միջև։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ՌԴ իշխանություններին, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տները, իրենց հետ տեղափոխել իրենց ունեցվածքը, Հայաստանի Հանրապետությունից ստանալ փոխհատուցում։

Ի տարբերություն ադրբեջանցիների, հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից, իսկ ովքեր չեն հասցրել կամ չեն կամեցել լքել իրենց բնակավայրերը, դաժանաբար սպանվել են իրենց տներում կամ բակերում։

Ընդգծում ենք, որ վերադառնալու մեր իրավունքը արձանագրված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում  միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին  մեր վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել, ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին: Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։

Համոզված ենք նաև, որ հակամարտության ներկա փուլում չկա այլընտրանք, քան՝ Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնյաների ուղիղ բանակցությունները, միջազգային երաշխավորների միջնորդությամբ։

Ռուսաստանի Դաշնությանը հորդորում ենք՝ իրենց պաշտոնական դիրքորոշումը բխեցնել այդ ելակետից։

ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձևաչափերում բարձրացնել մեր հարցը:

Ողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը:

Մ․ Քարամյան
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ

Լ․ Հայրիյան
«Հանուն Հադրութի» ՀԿ

Դ․ Եղիազարյան
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

Վ․ Կարապետյան
«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

Կ․ Մովսիսյան
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

Ջ․ Առուստամյան
Շուշիի կանանց «Հարմոնիա» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31