Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ, «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձել է ստեղծված իրավիճակում Արցախի կառավարության անելիքներին։ Նրա խոսքով՝ այսօր, երբ Հայաստանից Արցախ տեղափոխվող մարդասիրական բեռները կանգնած են Կոռնիձորում, Արցախի կառավարության ու պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գործն այն պետք է լինի, որ բազմամարդ հավաք կազմակերպեն եւ խաղաղ երթ առաջնորդեն դեպի Կոռնիձոր։ «Պետք է ասեն՝ գնում ենք այդ մթերքը ստանալու։ Սա է կառավարության անելիքը, բայց Գուրգեն Ներսիսյանը դա չի անում, որովհետեւ համարձակություն է պետք։ Որքան էլ Գուրգեն Ներսիսյանին բացատրել ենք, որ պետք է ավելի հստակ քայլեր անի, բայց ինքը դրան չի ձգում։ Ասել ենք՝ փորձիր մեկ անգամ քո հստակ քայլն անել, մենք քեզ մենակ չենք թողնելու։ Բայց քանի որ դու դա չես անում, այս շարժումը համերգների ես վերածել ու քո անտաղանդ զրույցներով՝ առանց քաղաքական օրակարգի ու ծրագրի, գործունեություն ես վարում, գործը հասցրել եք նրան, ինչի հասցրել եք»,- ասաց նա։
Ըստ Օսիպյանի՝ քանի որ Ստեփանակերտի բնակչության հիմնական մասը հրամանով է դուրս գալիս հավաքների, «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» ճանապարհվում է Մարտունի։ «Ճարտար, Կարմիր շուկա շրջանով, շրջանցելու ենք, որպեսզի տեսնենք, թե ինչքան տղամարդ կա, որոնք պատրաստ են անզեն դուրս գալ ու ճանապարհվել, նույնիսկ թշնամու զինված զորքի հետ անզեն իր պայքարը շարունակել։ Ինչպես տեսնում ենք, Ստեփանակերտում շատ քիչ են այդ մարդիկ, մենք ստիպված գնում ենք Մարտունու շրջան, որովհետեւ տեսնում ենք, որ մարդիկ այնտեղ ավելի պատրաստ են։ Մեզ տղամարդիկ են պետք՝ այս շրջափակումից ու խայտառակ վիճակից դուրս գալու համար։ Հիմա գնում ենք Մարտունի, Ճարտար, թող մեր հայրենակիցները հավաքվեն, խոսենք»,- ասաց Արթուր Օսիպյանը։
Նա հայտարարեց․ «Մենք պետք է դառնանք կազմակերպված անզեն զորք։ Եվ դեպի Հակարիի կամուրջ երթի առաջին շարքի մարդիկ են պետք, ովքեր 44 օրերին իրենց կյանքը դրել են վտանգի տակ ու հայրենիքին ծառայել, հիմա էլ նույն պահն է, այո, պետք է գնանք ու այս միջանցքը մենք մաքրենք։ Ասում ենք՝ հույսներս պետք է դնենք մեզ վրա, բայց նայում ենք, թե Շառլ Միշելն ու Լավրովն ինչ են ասել։ Կանք մենք, կա միջանցք, որտեղ կանգնած են ռուսներն ու թուրքերը։ Կարո՞ղ ենք կազմակերպվել ու մենք մեր հարցերը լուծել, եթե ոչ, հետագան ավելի ծանր է լինելու։ Եթե ժողովուրդը շարունակելու է միայն Գուրգենի հրամանով դուրս գալ հրապարակ՝ համերգի, մեզ այստեղ մնալու տարբերակ չի թողնելու թշնամին, ուր էլ գնանք, լինելու ենք ստորացված։ Ինքնախաբեությամբ չզբաղվեք, թե որեւէ մեկը մեր փոխարեն հարց է լուծելու»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շատ ճիշտ ես ասում, եղբայր։ Գուրգենն ու Արայիկը իրար փոխանցումներ անելով ընդամենը իշխանությունն են պահում իրենց ձեռքին։ Դրանք քայլ անող չեն։ Երբեմնի դատախազը, որը սոված արցախցիների ֆոնին լավ կերակրված տեսք ունի, ուրիշի գրած ելույթը Ստեփանակերտի հրապարակում կարդալով ուզում է ժողովրդի սրտից ջուր խմի և ընդամենը դա, ուրիշ ոչինչ։ Արայիկն էլ օրերով պարապ-սարապ նստացույց էր անում վրանում, երկրի ղեկավարիս տես։
Ժողովուրդն արդեն հասկանում է, որ դրանք առաջնորդ չեն, բայց մյուս հեղինակությունների շուրջն էլ չեն համախմբվում, որպեսզի դուրս գան հյուծիչ տեղապտույտից։ Այս իրավիճակում Ռուբեն Վարդանյանը պետք է ավելի վճռական լինի և իր վրա վերցնի ժողովրդին առաջնորդելու ծանր ու պատասխանատու բեռը։ Վարդանյանը պետք է կարողանա նաև համերաշխության մթնոլորտ ստեղծի Արցախում գործող քաղաքական և հասարակական միավորումների միջև և բոլորին ուղղորդի գոյապայքարի։ Դա Հայաստանում անպայման լուրջ արձագանքներ կառաջացնի։