«Կարող են լինել քննադատություններ, չնայած, որ մենք դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք թոշակների եւ նպաստների, նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո, ամեն դեպքում, ես էլի ուզում եմ շեշտել՝ մենք դատավորների, եւ ընդհանրապես, պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետեւ քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը 60%-ով բարձրացնելու մասին որոշմանը։
Փաշինյանն ասաց, որ դատական համակարգում աշխատավարձի շարունակական բարձրացումը կառավարության քաղաքականությունն է․ «Մենք ժամանակին խոստացել ենք, երբ հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք, եւ հակակոռուպցիոն կոմիտեի, հակակոռուպցիոն դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում, այն ժամանակ այդ մտավախությունը կար, որ մենք անհամաչափություն ենք ստեղծում, բայց մենք ասում էինք, որ ընդհակառակը, մենք այդ նշաձողը սահմանում ենք հետագայում այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար, ինչը մենք անում ենք։ Առաջիկայում մեր բյուջետային հնարավորություններից կախված՝ վերաքննիչ դատարանին էլ կանդրադառնանք»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ աշխատավարձի փոփոխությունը եւ կառավարության ֆինանսական ծախսը կարեւոր է եւ այն պիտի ենթադրի նաեւ բովանդակային փոփոխություններ․ «Մենք քննարկում ենք նաեւ դատարանների ստանդարտները՝ սկսած դրես կոդից, սկսած դատարանների դահլիճների ստանդարտներից, դատավարության մասնակիցների էթիկայից եւ վարքագծի կանոնակարգից: Որովհետեւ, երբեմն մեր դատարաններից տեսարաններ են շրջանառվում սոցիալական ցանցերում, որ դիսոնանս է առաջանում։ Այսինքն, պետության կայացածության աստիճանի մասին է խոսքը։ Մենք փաստաբանական համայնքի հետ նաեւ բարձրագույն դատական խորհրդի հետ աշխատում ենք, որ այս ֆինանսական ներդրումների արդյունքում ունենանք նոր ստանդարտի դատական համակարգ ե՛ւ բովանդակությամբ, ե՛ւ միջավայրի ձեւավորմամբ»։
Փաշինյանը հայտարարեց՝ առանց բովանդակային փոփոխության, ուղղակի աշխատավարձի բարձրացում կառավարությունը չի անելու, նույնիսկ թոշակի բարձրացումն առանց բովանդակային փոփոխության չենք անում։
Կարդացեք նաև
«Պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ։ Դա շատ մեծ հարցեր կլուծի, լարվածություն կնվազեցնի, եթե մենք բոլորս իմանանք, որ Հայաստանում կա անկախ դատական համակարգ, որը գործում է օրենքի, օրինականության, արդարության եւ Սահմանադրության շրջանակներում։ Սա շատ կարեւոր խնդիր է, որը խոստովանենք, դեռեւս լիարժեք չենք կարողացել լուծել»։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ հավելեց՝ մեր կառավարությանը ժառանգություն է հասել գերծանրաբռենված դատարան, բոլոր այս բարեփոխումները, որոնք իրականացվում են, իրենց հետ համագործակցության շրջանակներում են․ «Առաջին հարցադրումն այն էր, որ ի՞նչ անի կառավարությունը ձեզ համար, որպեսզի մեր քաղաքացիները ստանան արագ եւ որակյալ դատական ծառայություն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ