Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը հիմնված է հայկական կողմի «կեղծ քարոզչության և քաղաքական մանիպուլյացիաների» վրա: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Բորելի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ արված հայտարարության:
«Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բանակցություններին, Հայաստանի հետ խաղաղության գործընթացին: Այնուամենայնիվ, ափսոսանք է առաջացնում ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի՝ հուլիսի 26-ի հայտարարությամբ ցուցաբերած մոտեցումը տարածաշրջանում տիրող իրավիճակին, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական մանիպուլյացիաների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «միանգամայն ոչ ճիշտ մոտեցում է» արհամարհելը 44-օրյա պատերազմից հետո հայկական զորքերի ոչ լիարժեք դուրսբերումը «Ադրբեջանի տարածքից», ադրբեջանական կողմի բողոքները «Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ Հայաստանի անօրինական գործողությունների դեմ», «Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական հարստությունները դուրս բերելը»:
«Ակնհայտ է նաև այն, որ Միջազգային դատարանի հայտնի որոշումների ոչ ճշգրիտ մեկնաբանությունները որևէ արդյունքի չեն հանգեցնում: Հուլիսի 6-ի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի իրավունքը իր սահմանների վրա վերահսկողության վրա և ապացուցում է Հայաստանի չհիմնավորված պահանջները՝ «Լաչինի սահմանային անցակետի չեզոքացման վերաբերյալ, ապացուցում է, որ Ադրբեջանի կողմից սեփական անվտանգության պաշտպանությունը լեգիտիմ միջոցառում է»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ չնայած դրան «հարյուրավոր տրանսպորտային միջոցներ», այդ թվում ԿԽՄԿ մեքենաները նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր անցնում են Լաչինի միջանցքով»:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով առավել խոշոր բեռների տեղափոխմանը, ապա հաշվի առնելով Հայաստանից եկող սպառնալիքները, մենք հանդես ենք եկել «Աղդամ-Խանքենդի» և այլ այլընտրանքային ճանապարհներ օգտագործելու առաջարկով,- ասվում է հայտարարության մեջ: – Չնայած նրան, որ առաջարկը դրական է ընդունվել ԵՄ-ի, ԿԽՄԿ-ի և միջազգային գործընկերների կողմից, հայկական կողմը, և իրենց տեղի հայ բնակիչների ներկայացուցիչներ անվանող անձիք դեմ են հանդես գալիս դրան: Նրանք ճանապարհներ են փակում և խոչընդոտում են բեռների փոխադրմանը՝ շահարկելով «լարված մարդասիրական իրավիճակը»: Դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիա: Ադրբեջանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին, և վճռականորեն կկանխի իր տարածքում անօրինական գործողությունները լեգիտիմացնող փորձերը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ