Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով դեպի Կոռնիձոր ուղեւորված 19 բեռնատար մեքենաները, այս պահին դեռեւս կանգնած են Հակարիի կամրջից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Այստեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 361 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։
Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա եւ 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ , ըստ պատասխանատուների՝ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշել է, որ «հայկական կողմից ավտոշարասյան ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ մարդասիրական օգնության անվան տակ եւ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ եւ հերթական սադրանք Լաչինի անցակետի դեմ»։
Իսկ Կոռնիձորում գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչեւ ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։
Կարդացեք նաև
Երկու օր է, ինչ գործընթացին լուռ հետեւում են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ իրենք այստեղ են, որպեսզի ինչ տեղի ունենա, հանգամանորեն նշեն իրենց զեկույցներում։ Այլ գործառույթ իրականացնելու մանդատ՝ դիտորդները չունեն։
Ավելացնենք, որ բեռնատարների ավտովարորդների սնունդը երեկվանից ապահովում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ