Լրահոս
Օրվա լրահոսը

Բորել. Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Ադրբեջանի պարտականությունն է՝ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հուլիս 27,2023 10:23

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը ԼՂ -ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։

Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտվում է ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար:

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում:

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։

Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել դրանք՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները:

ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:

Եվրամիությունը, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում:

Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի կերտմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31