«Փաստինֆո»․ Այն, որ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից միտումնավոր է հեռացվել Սումգայիթի ցեղասպանության մասին պատմող բաժինը, արդեն չենք կասկածում։ «Փաստինֆո»-ն պնդում է՝ նման էջ այս պահին էլ դատախազության կայքում գոյություն չունի, իսկ հակառակի մասին պնդումներն ուղղակի անլուրջ են եւ մոլորեցնող։ Ավելին, ցավում ենք, որ փաստերի ստուգման հարթակը գործել է անբարեխիղճ եւ առանց իրապես փաստերը ստուգելու հիմք է ընդունել դատախազության մոլորեցնող պարզաբանումը։
Այսպես՝ 2010 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջում բացվեց առաջին «Սումգայիթ» բաժինը՝ հետեւյալ հղմամբ www.prosecutor.am/ru/az/Сумгаит, որտեղ հրապարակվել էին 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին՝ Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը: Մասնավորապես, կայքում տեղադրվել էին ականատեսների, տուժողների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ ու փաստաթղթեր, սպանվածների, առեւանգվածների եւ անհայտ կորածների ցուցակները: Ինտերնետային էջում հրապարակվել են նաեւ այն անձանց ցուցակները /այդ թվում՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների/, ովքեր մեղադրվում են հայկական գյուղերում հայերի բնաջնջման քաղաքականությանը մասնակցելու, հայերի նկատմամբ իրականացված վայրագություններն անմիջականորեն իրագործելու մեջ եւ գտնվում են հետախուզման մեջ:
«Փաստինֆո»-ն օգտվում էր բաժնի նյութերից՝ դրանց հիման վրա պատրաստելով փոքր տեսանյութեր։ Եւ ահա, վերջերս հայտնաբերեցինք, որ այդ բաժինն ուղղակի այլեւս չկա, անհետացել է Դատախազության էջից։ Որոնման համակարգը ցույց էր տալիս 3 նյութ՝ 2009-2010 թթ. ՀՀ գլխավոր դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրությունները՝ ջարդերի մասին քրեական գործի նյութերը թվայնացնելու եւ առանձին հարթակ ստեղծելու մասին, իսկ բուն հարթակն, ուղղակի գոյություն չուներ։
«Փաստինֆո»-ի թղթակիցը նախ՝ կապ է հաստատել դատախազության լրատվական բաժնի պատասխանատուի հետ, որը սկզբում ժամանակ է խնդրել հարցին ծանոթանալու համար, ապա նշել է, թե՝ եղել է տեխնիկական խնդիր ու նորից կտեղադրվի։
Կարդացեք նաև
Ավելի ուշ ուղարկել է մեկ նյութի հղում, որին այդ պահին կցված է եղել 3 ֆայլ՝ pdf ֆորմատով և փորձել այն ներկայացնել որպես «Սումգայիթ» էջ՝ երաշխավորելով, թե՝տեղեկատվությունը կհամալրվի։ Ակնհայտ էր, որ մեկ նյութը ամենեւին էլ չի կարող փոխարինել էջին, ինչի մասին էլ հանդես եկանք հրապարակմամբ։
Էջը գոյություն չունի առ այսօր, դատախազությունն այն չի վերականգնել, իսկ «CivilNetCheck»-ը, ցավոք, տվյալ պարագայում գործել է մակերեսային՝ մեր հրապարակումը որակելով «մոլորեցնող»՝ հիմք ընդունելով դատախազության մեկնաբանությունը։
Ինչպես արդեն նշեցինք՝ դատախազության կայքում ոչ թե նյութ է տեղադրված եղել Սումգայիթի ջարդերի մասին, այլ՝ բաժին՝ www.prosecutor.am/ru/az/Сумгаит հղմամբ․ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Ըստ էության, եղել է առանձին կայք, մինչդեռ այսօր այցելելով այդ հղմամբ՝ դատախազության էջում կարող եք լավագույն դեպքում ծանուցում կարդալ, որ նման էջ գոյություն չունի, կամ սխալ է։
Ասել է, թե՝դատախազության պնդումը, թե՝ «Խնդիրն առաջացել էր կայքի նորացման պատճառով, բաժինն արդեն հասանելի է»՝ մոլորեցնող է։ Կրկնում ենք՝ մեկ նյութը՝ կից ֆայլերով եւ առանձին բաժինը բոլորովին տարբեր բաներ են։ Մանավանդ որ, այդ մեկ նյութի հղումն էլ դատախազության կայքում գտնելն ուղղակի անհնար է։