«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
– Նիկոլ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսով հանդես եկավ: Նա խոսեց այն մասին, որ Արցախի եւ արցախահայերի ճակատագիրը չի կարող փոխել Հայաստանը:
– Ես այդ տեսակետը չեմ կիսում: Առնվազն Հայաստանը չպետք է խոսեր նշաձող իջեցնելու, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու եւ այլ հարցերի մասին: Եթե անգամ Հայաստանի իշխանություններն այդպես են մտածում, ապա գոնե իրենց վարած բանակցություններում չպետք է նահանջեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցից:
– Փաշինյանը երեկ խոսեց այն մասին, որ Արցախի բարբառով խոսելը չի նշանակում լինել հայրենասեր: Իհարկե, որեւէ բարբառով խոսելն աղերս չունի հայրենասիրության գաղափարի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքերը շատերը գնահատեցին որպես Արցախի եւ արցախահայության նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսեւորում: Փաշինյանի հակակրանքը՝ արցախահայերին ուղղված, ինչո՞վ է պայմանավորված: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:
Կարդացեք նաև
– Կարող եմ խոսել այդ հայտարարությունների ակնհայտ հետեւանքների մասին, որը հենց երեկ մենք՝ բոլորս, տեսանք սոցհարթակներում: Նիկոլ Փաշինյանը հայ ազգին եւս մեկ անգամ պառակտեց, եւս մեկ անգամ հնարավորություն տվեց փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին: Որպես հետեւանք՝ կարող եմ արձանագրել, որ նման հայտարարությունները նոր պառակտման հիմք հանդիսացան, հատկապես քաղաքական գործիչը, բարձրաստիճան պաշտոնյան պետք է զերծ մնա իր իսկ խոսույթում նման բառեր օգտագործելուց՝ առիթ չտալով, որ կրկին ներազգային ատելության ալիք բարձրանա: Երեկ եւս մեկ անգամ ատելություն սերմանվեց երկու հայկական պետությունների եւ դրանց ժողովուրդների միջեւ:
– Այժմ կտրոնային համակարգը գործո՞ւմ է, մարդկանց կտրոններով ի՞նչ ապրանքներ են բաժանում:
– Ոչ, չի գործում կտրոնային համակարգը: Պետք է ապրանք ունենաս, որ կտրոնային համակարգն էլ գործի: Չկա ապրանք՝ չկա կտրոնային համակարգ: Խանութներում ոչինչ չկա:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: