Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միզուղիների վարակները երեխաների շրջանում․ ինչ պետք է իմանան ծնողները՝ բարդություններից խուսափելու համար

Հուլիս 27,2023 09:30

Մանրէները, ներթափանցելով միզուկի մեջ, ախտահարում են միզուղիների տարբեր հատվածները, ավելի հաճախ՝ միզապարկն ու միզածորանը (ցիստիտ), երբեմն անգամ՝ երիկամները (պիելոնեֆրիտ)։

Միզուղիների վարակները կանանց ու աղջիկների մոտ ավելի հաճախ են առաջանում՝ պայմանավորված նրանց անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով։ Այդ խնդիրը շատ է անհանգստացնում նաև երեխաներին։

Թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում միզուղիների վարակի ախտանշանները բավականին նման են, դրանք ներառում են՝

  • Միզասեռական օրգանների շրջանում ցավ, այրոցի զգացում,
  • հաճախամիզություն, ցավ միզելիս,
  • մեզի տհաճ հոտ,
  • մեզի պղտոր գույն,
  • մեզի մեջ արյուն,
  • անմիզապահություն,
  • ցավ որովայնի ստորին հատվածում և այլն,
  • ջերմության բարձրացում։

Երիկամների ախտահարումը՝ պիելոնեֆրիտը, ավելի ծանր գանգատներ է առաջացնում՝ տենդ, սարսուռ, որովայնի և գոտկային հատվածի ցավ, սրտխառնոց, փսխում, ցավոտ միզարձակում և հաճախամիզություն, երեխաներն արտաքուստ տկար են լինում։

Երեխաների շրջանում միզուղիների վարակի զարգացման ռիսկի գործոններն են՝

  • սեռը․ աղջիկ երեխաներն ավելի հաճախ են ունենում այդ խնդիրը, քանի որ նրանց միզածորանն ավելի կարճ է,
  • միզուղիների արատները,
  • անձնական հիգիենայի կանոնները չպահպանելը,
  • վնասվածքները,
  • ժառանգականությունը,
  • փորկապությունը։

Երբ դիմել բժշկին

  • Երբ երեխան ունի ջերմություն՝ առանց գանգատների, այլ ախտանշանների,
  • դող, սարսուռ,
  • որովայնի ցավ,
  • ցավոտ միզարձակում,
  • միզելիս ցավ մեջքի շրջանում,
  • փսխում,
  • մեզի գույնի փոփոխություններ, մեզի մեջ արյան առկայություն,
  • մեզի տհաճ հոտ։

Միզուղիների վարակների ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է բժշկի կողմից պացիենտի զննումից և մեզի լաբորատոր հետազոտությունից հետո։  Ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել նաև գործիքային հետազոտության (ռենտգեն, ՈՒՁՀ) մեթոդները։ Մեզի մանրէաբանական քննությունը թույլ է տալիս առավել արդյունավետ բուժում ընտրել երեխայի համար։

Երեխայից մեզի նմուշ վերցնելը․

Մանկահասակ երեխաների դեպքում մեզի նմուշ վերցնելը մի փոքր խնդրահարույց կարող է լինել, նրանց դեպքում ցանկալի է կիրառել հատուկ միզահավաք պարկերը, որոնք ամրացվում են շեքի շրջանում։ Եթե չկա նման հնարավորություն, ապա մեզի նմուշը կարող է վերցնել մասնագետը՝ միզային կաթետրի օգնությամբ։

Մեզի նմուշը վերցնելուց առաջ երեխայի արտաքին սեռական օրգանները լվանալը պարտադիր է։

Միզուղիների վարակի բուժումը․

Միզուղիների վարակի բուժումը ներառում է հակաբիոտիկներն ու ըստ անհրաժեշտության՝ ցավազրկողներն ու ջերմիջեցնողները, որոնք կարող է նշանակել միմիայն մանկաբույժը։ Խրախուսվում է երեխաների կողմից առատ հեղուկների օգտագործումը, ճիշտ սննդակարգը։ Որոշ դեպքերում բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում, մասնավորապես՝

  • Մինչև 6 ամսական երեխաների դեպքում,
  • Եթե երեխան տկար է, ունի բարձր ջերմություն,
  • Ենթակա է ջրազրկման վտանգին։

Միզուղիների վարակը, թեև բավականին վտանգավոր է, բայց լավ է ենթարկվում բուժման, եթե ախտորոշվում է ժամանակին։

Միզուղիների վարակի կանխարգելումը երեխաների շրջանում․

  • Պահպանել հիգիենայի տարրական կանոնները՝ հաճախակի փոխելով նորածինների և մանկահասակ երեխաների տակդիրները։
  • Երեխաներին սովորեցնել գիշերանոթից և զուգարանակոնքից ճիշտ օգտվելու, ճիշտ դիրքով միզելու կանոնները։
  • Զուգարանակոնքին նստած ժամանակ երեխայի մեջքը պետք է ուղիղ լինի, ոտքերը՝ հենված հատակին կամ աթոռակին։
  • Հետևել աղիների կանոնավոր դատարկմանը,
  • Աղջիկ երեխաներին սովորեցնել շեքը, հետանցքը սրբել առջևից հետև՝ հետանցքից մանրէների տարածումը կանխելու համար։
  • Սովորեցնել երեխաներին, որ մեզը երկար պահել չի կարելի։
  • Օգտագործել բամբակյան ներքնաշորեր ու տակաշորեր։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31