Կարեն Ադամյանը (լուսանկարում) 2014 թվականից աշխատել է «ԳեոպրոմայնինգԳոլդ» ՍՊ ընկերության` Արարատի ոսկու գործարանում, նախ որպես թթվածնային կայանի օպերատոր, իսկ ապա 2016 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը` հրահանգասարքի օպերատոր։ 2022 թվականի հունվարի 1-ից աշխատում էր որպես կոնվեյերավար։ 2023 հուլիսից, ինչպես տեղեկացրել էինք (««Անհաղթահարելի ուժ» կարող է համարվել այն իրադրությունը, որը չի կարող ողջամտորեն կանխատեսվել, վերահսկվել», «Առավոտ», հուլիսի 13), նա գործարանի 112 աշխատակիցների հետ գտնվում է չհիմնավորված հարկադիր պարապուրդի մեջ։ Մինչ 70-ից ավելի աշխատակիցներ ստորագրություններ էին հավաքում, բողոքելու հարկադիր պարապուրդի հիմքերը, տեղեկացանք նոր զարգացումների մասին:
2021 թվականի դեկտեմբերից հանդիսանում է Արարատ խոշորացված համայնքի ավագանու անդամ՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմից: Օրերս Ադամյանը հայտարարություն էր տեղադրել ՖԲ իր էջում՝ «Փնտրում եմ աշխատանք, ցանկալի է գրասենյակային» գրառմամբ:
Տեղեկացանք, որ ընկերության գլխավոր տնօրենը գրություն է ուղարկել Կարենին, նաեւ մի քանիսին:
Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի՝ հուլիսի 18-ի գրության. «Ափսոսանքով ծանուցում ենք Ձեզ, որ «ԳեոպրոմայնինգԳոլդ» ՍՊ ընկերության տնօրենի 2023թ. թիվ 30-Լ հրամանի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ եւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2023թ. հոկտեմբերի 1-ից կրճատվելու է Ձեր հաստիքային միավորը եւ լուծվելու է Ձեր եւ «ԳեոպրոմայնինգԳոլդ» ՍՊ ընկերության 2014թ. մայիսի 16-ին կնքված թիվ 834 պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: «ԳեոպրոմայնինգԳոլդ» ընկերությունը չի կարող ձեզ առաջարկել Ձեր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, այդպիսի աշխատանքի բացակայության պատճառով:
Կարդացեք նաև
Ընկերությունը երախտապարտ է Ձեր կողմից կատարված անձնվեր աշխատանքի համար եւ իրավիճակի փոփոխության դեպքում կգործադրի բոլոր ջանքերը՝ հրավիրելու Ձեզ աշխատանքի»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2023